Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր տնտեսական հարցերի հանձնաժողովում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» ՓԲԸ –ին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու հարցը:
Մասնավորապես` առաջարկվում է «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ -ին ազատել 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով :
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովմամբ, մասնավորապես` ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատման միջոցով:
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետեւանքով «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ի աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ:
2016թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերության պարտքը կազմել է 933.3 մլն դրամ:
Ներկայումս ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ, եւ ըստ ընկերության ծրագրի (որը հավանության է արժանացել «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի կողմից)` նախատեսվում է ցեմենտի արտադրության 2016 թվականի տարեկան ծավալը հասցնել մինչեւ 200 հազ.տ (2014թ` 23,3 հազ.տ., 2015թ.` 80 հազ.տ.) եւ ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Վերը նշվածի արդյունքում (ըստ ընկերության գնահատականի) պետական բյուջե կվճարվի ավելի քան 700 մլն դրամի հարկ: Սակայն ընկերության գույքը եւ հաշիվները գտնվում են արգելանքի տակ եւ գույքի հարկադիր վաճառքը կհանգեցնի ձեռնարկության տեխնոլոգիական ամբողջության խաթարմանն ու գործունեության դադարեցմանը, որի արդյունքում կփակվեն ընկերությունում առկա 450-ից ավելի աշխատատեղերը:
Հարկ է նշել, որ գույքի հարկադիր վաճառքից պետական բյուջեի մուտքեր չեն ապահովվի, քանի որ ընկերության գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում, եւ բանկին է պատկանում ընկերության պարտավորությունների դիմաց առաջնահերթ բավարարման իրավունքը:
Խնդրին լուծում տալու նպատակով, ՀՀ վարչապետի հանձնարարարությամբ, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ, որի արդյունքում նպատակահարմար է գտնվել ընկերության կողմից պետական բյուջեի հանդեպ կուտակած հարկերի մասով առաջացած տույժերի ներման միջոցով` հնարավորություն ընձեռել ընկերությանը շարունակելու արտադրական գործունեությունը, որի արդյունքում կմարի պարտքերը:
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի եւ հաշվի վրայից հանել արգելանքը եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում մարել ընկերության պարտքերը, եւ ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը: