կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-05 13:38
Տնտեսական

Օժանդակություն չստանալու դեպքում «Հրազդան-ցեմենտ»-ը կլուծարվի, և 470 մարդ կմնա առանց աշխատանքի

Օժանդակություն չստանալու դեպքում «Հրազդան-ցեմենտ»-ը կլուծարվի, և 470 մարդ կմնա առանց աշխատանքի

ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական վճարների ապահովագրության գծով արտոնություններ տալու մասին հարցը: Հիմնական զեկուցող` էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ն, սկսած ճգնաժամային տարիներից, նաև` ոչ բավարար մենեջմենթի պատճառով կուտակել է մեծածավալ հարկային պարտվորություններ, ինչը հանգեցրել էր նրան, որ այս գործարանին տրված վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով ձեռնարկությունը գնում է լուծարման: 470 աշխատատեղ ունեցող գործարանը դժվար վիճակից հանելու և դրա բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է գնալ զիջումների հարկային ու պարտադիր սոցիալական վճարների ապահովագրության տույժերի մասով, որը կազմում է 510 միլիոն դրամ: Ընդ որում` սեփականատիրոջ փոփոխություն տեղի ունեցել. այժմ բանկի ակտիվները պատկանում են ՎՏԲ բանկին:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցրեց, թե ինչո՞ւ է տարանջատվում «Հրազդան ցեմենտ» գործարանը՝ տույժերը ներելու առումով, եթե կան բազմաթիվ բարեխիղճ գործարարներ, որոնք հայտնվել են նմանատիպ վիճակում, բայց նրանց նկատմամբ արտոնություններ չեն կիրառվել: «Ինչո՞ւ մենք պետք է գործարանի սեփականատիրոջը այդ լավությունն անենք, ո՞վ է այդ անձը»,- հարցրեց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ սեփականատերը ՎՏԲ բանկն է: «Մենք որևէ անձի լավություն չենք անում, պարզապես այդ ամենով հնարավորություն ենք տալիս գործարանին ապահովելու բնականոն աշխատանքը և 470 աշխատատեղ: Այս գործարանը համակարգաստեղծ գործարան է, և մենք իրավունք չունենք անտարբեր լինելու նման խոշոր ձեռնարկությունների նկատմամբ: Հակառակ դեպքում` գործարանը գնում է լուծարման, պետությունը չի շահելու, չի շահելու այն քաղաքացին, ով այնտեղ աշխատում է: Այս օժանդակությունը հասեցական է և ուղղված է ոլորտին` մեր տնտեսության ներուժը բարձրացնելու նպատակով»,- ասաց նախարարը` շեշտելով, որ գործարանին ներում են ոչ թե վարկային պարտավորությունների մայր գումարը, այլ տույժ-տուգանքները: