կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-01 17:13
Տնտեսական

Կառավարությունը որոշել է փրկել «Հրազդան-ցեմենտ»-ը՝ զիջելով 510 միլիոն դրամ տույժ-տուգանքները

Կառավարությունը որոշել է փրկել «Հրազդան-ցեմենտ»-ը՝ զիջելով 510 միլիոն դրամ տույժ-տուգանքները

Այսօր տնտեսական հարցերի հանձնաժողովում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» ՓԲԸ –ին  հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին հարցը:

Լրագրողները հարցրեցին նախարարին, ՎՏԲ բանկի մասին, որը կապված է գործարանի հետ և դրա անունը կապվում է աղմկահարույց սկանդալների հետ: Արծվիկ Մինասյանը նշեց, որ 4,6 միլիոն դոլարի ներդրումները պետք չէ կապել այլ խնդիրների հետ:

«Այսօր ունենք մի վիճակ, որից պետք է ելք գտնել: Ունենք գործարան, որը գնում էր դեպի սնանկացում, ու շատ կարևոր էր գտնել գործարանը փրկելու հնարավորությունը, որ այն պահպանվի, աշխատի, ստեղծի բարիք, աշխատատեղ ստեղծի: Առանց մտածելու, թե ովքեր կարող են բաժնետեր լինել ՎՏԲ բանկում,  և այս պահին էլ կառավարությունը չունի նման մտահոգություններ, կառավարության մտահոգությունը գործարանի հետագա աշխատանքն է»,- ասաց նախարարը` հավելելով, որ հետևելու են գործարանի ճակատագրին:

Հիշեցնենք, որ նախկինում գործարանի բաժնետերը Միկա Բաղդասարովն էր: Գործարանը պարտքերի դիմաց իր բաժնետոմսերը հանձնել է ՎՏԲ բանկին, և պետությունը զիջում է պարտքերը` տույժերի ու տուգանքների մասով, որը կազմում է 510 միլիոն դրամ, մայր գումարը՝ 480 միլիոն դրամ, գործարանը դեռ պետք է վճարի պետական բյուջե:

«Ինձ հետաքրքիր չէ, թե ով է որևէ ձեռնարկության սեփականատերը, ինձ հետաքրքիր է, թե ինչ է ստեղծում այդ ձեռնարկությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը: