Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նախորդ շաբաթ մեղադրանք առաջադրվեց հաստատության նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին, և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվեց կալանավորումը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Մարգարյանը, զբաղեցնելով «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, յուրացրել է իրեն վստահված` առանձնապես խոշոր չափերի` 46.535.970 ՀՀ դրամ գումար:
Իսկ այս շաբաթ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել գիշերօթիկի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանին եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանին: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նրանք օժանդակել են հաստատության տնօրենին գումարի յուրացման գործում։
«Թրանսփարենսի Ինտերնեյշնըլ» հակակոռուպցիոն կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը մոտ մեկ ամիս առաջ դժգոհել էր գործի նախաքննության ընթացքից` շուրջ 7 ամիս որևէ տեղաշարժ չէր նկատվում: Նախաքննական մարմնի գործողությունները վիճարկել էր նաև դատարանում:
Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ արդեն 20-25 օր է` մեկ այլ քննչական մարմին է զբաղվում գործով, և աշխատանքի արդյունքներն արդեն նկատվում են: «Հիմա տեսնենք, թե նախաքննությունն ինչ ընթացք կունենա, և արդյո՞ք քրեաիրավական գնահատականներ կտրվեն մյուս դրվագներով»,- ասաց նա:
Փաստաբանը նշում է, որ պետք է քրեաիրավական գնահատականներ տրվեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մի քանի աշխատակիցների գործունեությանը: Չէ՞ որ յոթ տարի շարունակ պետական բյուջեի միջոցները յուրացվել են: Եվ այս դեպքում կա երկու տարբերակ` կա'մ նախարարության համապատասխան աշխատակիցները անփույթ են գտնվել` բավարար կերպով վերահսկողություն չիրականացնելով, կա'մ իմացել են ամենի մասին, աչք են փակել դրա վրա, կատարել հովանավորչություն: Եվ այս երկու դեպքերն էլ, երբ արարքը հանգեցրել է ծանր հետևանքների, Քրեական օրենսգրքով համարվում են հանցագործություն:
Նշենք նաև, որ, մամուլի հրապարակումների համաձայն, գիշերօթիկ դպրոցի այս աղմկահարույց պատմության մեջ առաջին հերթին նշվում է նախկին փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի անունը:
Մյուս դրվագը երեխաների հանդեպ տարբեր տիպի բռնությունների կիրառելուն է վերաբերում: Փաստաբանը նշեց, որ պետք է բացահայտվի, թե ում կողմից և ինչպես են դրանք կատարվել, և արարքին ու կատարողներին նույնպես պետք է քրեաիրավական գնահատականներ տրվեն:
Տիգրան Հայրապետյանը նշեց նաև, որ հասարակությանը վստահությունը շահելու համար հարկավոր է ստուգումներ կատարել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող մյուս նման հաստատություններում ևս, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելն:
Նկարում` դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը և նախկին փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը