կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-31 18:14
Քաղաքական

4+4+4 ձևաչափով քննարկումներից հետո Նաիրա Զոհրաբյանի մոտ դեժավյու է

4+4+4 ձևաչափով քննարկումներից հետո Նաիրա Զոհրաբյանի մոտ դեժավյու է

Երեկ խորհրդարանում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ 4+4+4 ձևաչափով քննարկումները քիչ էր մնում` տապալվեին: Հանդիպումը սկսվեց նախատեսված ժամից մեկուկես ժամ անց. ՀԿ-ների ներկայացուցիչները չէին ցանկանում իրենց անձնագրերը թողնել ԱԺ անցակետում` ներս մտնելուց առաջ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հեռախոսով համոզում էր նրանց թողնել անձնագրերը, ինչպես պահանջում է օրենքը: Այս ամենը հարուցեց իշխանության ներկայացուցիչների դժգոհությունը, նրանք մի քանի անգամ ներս ու դուրս արեցին: Շուրջ կես ժամ էլ որոշում էին, թե ինչ ընթացակարգով են անցկացնելու քննարկումը:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով ներկա էր երեկվա քննարկմանը, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է ԱԺ անցագրային կետում տեղի ունեցած խառնաշփոթի պատճառը: «Ինձ համար հասկանալի չէր այն, որ ուզում են մտնել խորհրդարան` առանց անվտանգության կանոնները պահպանելու: Ես այստեղ չեմ ուզում հատուկ միտում տեսնել, բայց ինձ համար իսկապես անհասկանալի էր նրանց այդ պահվածքը: Երբ ես ևս այցելու եմ ունենում, ով իր անձնագրով չէ, քանիցս դիմել եմ Գալուստ Սահակյանին` խնդրանքով` հնարավո՞ր է այլ փաստաթղթով մարդը մտնի ներս, բայց ասել են, որ հնարավոր չէ»,- ասաց նա:

Զոհրաբյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն պատրաստ է մասնակցել ցանկացած ֆորմատով քննարկումների: Ի դեպ, նա անկեղծացավ և ասաց, որ երեկվա քննարկումից հետո իր մոտ դեժավյու է: «Որպես ԲՀԿ ներկայացուցիչ` ունեմ անցյալի այդ փորձը. երկյակների, եռյակների, քառյակների ժամանակ, մինչև բովանդակային քննարկման անցնելը, երկու ժամ որոշվում էր` քննարկման անունը լինի ժողո՞վ, թե՞ նիստ: Ինձ համար այդ մթնոլորտը նորություն չէր, անգամ դեժավյուի տպավորություն առաջացրեց` նախկին ինչ-ինչ ֆորմատի քննարկումներ հիշեցնելով»,- ասաց Զոհրաբյանը, նաև շեշտեց, որ այս ամենը երկրորդական է, կարևորն այն է, որ ուշադրությունը սևեռվի ոչ թե ձևի, այլ բովանդակության վրա:

«ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կարևոր մի բան են առաջարկել, և մենք հետևողական ենք լինելու, որ քաղաքացին քվեարկի միանման, մեկ միասնական փաստաթղթով, ոչ թե մեկի մոտ լինի մինչև 2008 թվականի անձնագիր, որի նկարը չի երևալու, իսկ մյուսի մոտ` նույնականացման քարտ, մյուսի մոտ էլ` լողավազանի աբոնեմենտ և այլն: Մենք պնդում ենք, որ նույնականացման քարտ պետք է տրվի բոլորին»,- ասաց Զոհրաբյանը:

Ըստ նրա` հարկավոր է իսկապես լուրջ, բովանդակային քննարկման անցնել, և եթե այդ քննարկման մասնակից յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակը ոչ թե շոուն է կամ էլ մասնակցությունը` հանուն օլիմպիական մասնակցության, այլ իսկապես ինչ-որ բան բարեփոխելը, ապա գոնե մի քանի առանցքային խնդիրների շուրջ հնարավոր կլինի կոնսենսուսի գալ: Զոհրաբյանի խոսքով` վերջին տարիներին միմյանց հետ հարաբերվելու քաղաքական մշակույթն այնքան է աղճատվել, որ քաղաքական հարաբերությունների առավել օպտիմալ տարբերակը, երկխոսելու մշակույթը վաղուց Կարմիր գրքի մեջ պետք է գրել:

«Մենք պետք է կարողանանք մեր երկրում ստեղծել այնպիսի մշակույթ, որ քաղաքացին, ով հետևում է այդ գործընթացներին, չասի` ոչ մի բան էլ չի լինելու, հավաքվելու են, ամեն մեկն իր առանձին PR-ն է անելու և գնա»,- ասաց ԲՀԿ ղեկավարը և հավելեց, որ ԸՕ-ի նախագծի վաղվա` ԱԺ-ում կայանալիք  քննարկմանը ևս մասնակցելու է: