կարևոր
250 դիտում, 1 ժամ առաջ - 2025-05-06 22:41
Հասարակություն

Սահմանապահ գյուղացին չի կարողանում օգտվել ծրագրից, այս անգամ էլ Սոթքի բնակիչներն էին զայրացած․ Թադևոս Ավետիսյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյնաի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

«Հարգելի՛ հայրենակիցներ

Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին այս ամբիոնից բարձրաձայնել եմ սահմանամերձ համայնքներում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի խնդիրները։

Ի դեպ, պետական աջակցության ցանկացած ծրագրից մաքրում ենք պոպուլիզմը և միանգամից ակնհայտ են դառնում դրա անհասցե բնույթը, պետական միջոցների փոշիացման փաստերը, դրված նպատակի և աջակցության իրական բովանդակության անհամապատասխանությունը։

Այս ծրագիրն էլ հենց այս հիմնական պատճառներով նախորդ տարվա կեսից կասեցվեց՝ չնայած, որ կառավարության որոշմամբ նախատեսված էր ծրագիրն իրականացնել առնվազն մինչև 2025 թվականի ավարտը, բազմապատկել շահառուների թիվը։

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական հող կամ կիսակառույց շինություն ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն կառուցելու տուն՝ մինչև 16 միլիոն դրամի չափով հիփոթեքային վարկավորմամբ, որի մայր գումարը և տոկոսները վճարում է պետությունը։

Ծրագրի խնդիրները մնում են չլուծված և ակնհայտ էին ի սկզբանե։

Ծրագրի իրականացման կարգում նախատեսված չեն աջակցության հիմնական նպատակից բխող՝ շահառուների ներգրավման օբյեկտիվ առաջնահերթությունները։ Հետևաբար, ծրագրի առաջնային շահառուները չեն կարողանում ստանալ պետական աջակցությունը։ Փոխարենը, պարզվում է, որ ծրագրից օգտվում են այդ աջակցության կարիքը չունեցող և դրված նպատակին չհամապատասխանող քաղաքացիները։

Նախորդ անգամ բերել էի Սյունիքի մարզի սահմանամերձ Խոտ գյուղի բնակչի օրինակը։ Նա իր ծննդավայր գյուղում ունի տնամերձ հողատարածք, նախկին զինծառայող է, ներկայումս չի աշխատում՝ առողջական խնդիրներից ելնելով, ունի անչափահաս երկու երեխաներ, իսկ ընտանիքը սոցիալապես անապահով է և բնակվում են վարձով։ Եվ այս քաղաքացուն մերժել են՝ ներգրավել ծրագրում։

Օրերս էլ մեր խմբակցության գործընկերների հետ այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր։ Այս անգամ էլ Սոթք գյուղի բնակիչներն էին օբյեկտիվորեն զայրացած բարձրաձայնում, որ չեն կարողացել օգտվել այս ծրագրից։ Իսկ ծրագրի աջակցությամբ գյուղում կառուցվող տների գերակշիռ մասը դառնալու են ամառանոցներ սեփականատերերի համար, որոնք ոչ միայն այդ համայնքի բնակիչներ չեն, սոցիալապես անապահով չեն, այլ նաև ըստ գյուղացիների տեղեկության՝ նրանցից որոշները հանդիսանում են մարզպետարանի աշխատողներ կամ սերտ կապի մեջ են տարբեր պետական և տարածքային կառավարման մարմինների պատասխանատուների հետ։

Ի՞նչ է ստացվում։ Այս իշխանությունը թոշակ ու նպաստ չի բարձրացնում, փոքր բիզնեսի հարկային բեռը կրկնապատկում է՝ նաև «հիմնավորելով», իբրև թե դրա փոխարեն սահմանամերձ բնակավայրերում են իրականացնում պետական ծրագրեր։

Իրականում, սահմանամերձ բնակավայրերի թոշակառուների և անապահով ընտանիքների սոցիալական խնդիրները խորանում են, իսկ սեփական միկրոբիզնեսով գոյատևող քաղաքացիների հարկային բեռը կրկնապատկվել է, որ «ճարպիկ», նյութապես ապահոված, ինչու ոչ՝ օրվա իշխանավոր հանդիսացող կամ նրանց հետ սերտ կապի մեջ գտնվող որոշ քաղաքացիներ կառուցեն ամառանոց պետական ֆինանսական միջոցներով»։