Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքվեցին երեկ գյուղացիների ու խաղող մթերողների հետ նրա հանդիպման արդյունքների մասին: Հիշեցնենք, որ նախարարը խաղող աճեցնող գյուղացիների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ նրանք պետք է մտածեն ու գտնեն խաղող վերամշակողների հետ համագործակցելու ձև, նաև սկսեն բիզնեսով զբաղվել:
«Բոլորը պետք է սկսեն մտածել` ոնց անել, որ գյուղատնտեսությունը զարգանա ու հարստանա, հավելյալ եկամուտ բերի: Գյուղացին չպետք է մտածի միայն օրվա հացի մասին»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Հարցին, թե նախարարությունն օգնելո՞ւ է գյուղացուն այդ հարցում, նա պատասխանեց, որ, բնականաբար, նախարարությունը օգնելու է` մշակելով ռազմավարություն:
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ գյուղացիները պետք է սկսեն բիզնեսով զբաղվել, նախարարը նշեց, որ այդ ուղղությամբ ևս մշակվում է ծրագիր, որում պետք է ներգրավվեն դոնորներ, որոնք կաջակցեն բիզնես ծրագրերին` դասընթացներ անցկացնելով գյուղացիների համար, որովհետև առանց դրա գյուղացիները չեն կարող սկսել բիզնեսով զբաղվել:
Նախարարի կարծիքով` նախորդ տասնամյակների ընթացքում ոչինչ չի փոխվել գյուղացիների կյանքում, և նրանք կարող են շարունակել այդպես ապրել, եթե ուզում են, սակայն այսօր գյուղացիները պահանջներ են առաջադրում կառավարությանը, և գյուղատնտեսության նախարարությունը ելքեր պետք է փնտրի` այդ պահանջները բավարարելու համար:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ նախորդ կառավարությունների բազմաթիվ վարկային ծրագրերը և գյուղացիների համար նախատեսված բազմաթիվ խորհրդակցություն-սեմինարները արդյունք չտվեցին, որ այսօր գյուղացիները ճանապարհ են փակում, նախարարը պատասխանեց, որ պարտադիր պետք է շարունակվեն դասընթացները, ներդրումները և ցուցաբերվի բիզնես մոտեցում:
Դիտարկմանը, որ գյուղացիները միշտ տուժող կողմ են, որովհետև երբեմն հակակարկտային կայանքները չեն աշխատում` վնասելով բերքը, երբեմն նրանց անորակ սերմացու է տրվում, Իգնատի Առաքելյանն արձագանքեց, որ այս պահին այդ բոլոր խնդիրները ուսումնասիրվում են:
Լրագրողները հարցրեցին, թե գյուղացիները կարո՞ղ են հույս դնել գյուղնախարարի օբյեկտիվ վերաբերմունքի վրա, որովհետև նախարարը եղել է խաղող վերամշակող գործարանի տնօրեն, նախարարը վստահեցրեց. «Իմ վերաբերմունքը երբեք չի կարող լինել սուբյեկտիվ»:
Առաքելյանի խոսքով` գյուղացուն միշտ պետք է ուղղորդել ճիշտ կազմակերպել իր գործունեությունը: Ըստ նրա` բոլոր խնդիրները ուսումնասիրվում են, և գյուղատնտեսության նախարարությունն անպայման ներկայացնելու է իր առաջարկները` խաղողի մթերման հետ կապված:
Ինչ վերաբերում է մթերող կազմակերպություններին, նախարարը նշեց, որ նրանց հետ ամենօրյա աշխատանքներ են տարվում, որ կարողանան պարտքերը մարել: Եվ եթե պարտքերը մարելուց հետո էլ գյուղացու ու մթերողի միջև խնդիրներ առաջանան, ապա պետությունը ստիպված կլինի միջամտել: «Այսօր խնդիր չկա գյուղացիների ու մթերողների միջև, մթերողներն ասում են, որ արդեն պայմանավորվել են գյուղացիների հետ: Բայց եթե մենք գնանք մթերողներին դատի տալու ու նրանց սնանկացնելու ուղղությամբ, դա ելք չէ»,- ասաց Առաքելյանը:
Նախարարի խոսքով` գյուղատնտեսության նախարարության հիմնական առաքելությունը պետք է լինի ներդրումներ ապահովելը, որ գյուղը հարստանա, ունենա ապրելու ավելի բարձր հնարավորություն: Նա նշեց, որ ներկայումս փորձում են բանաձև գտնել, որ մթերվի ավելցուկը: Բանաձևը կներկայացվի շատ շուտով:
Ինչ վերաբերում է արտադրողների համար վարկավորման տոկոսադրույքների իջեցմանը, նախարարը նշեց, որ այդ հարցն իսկապես բարձրացվել է, և կփորձեն իջեցնել վարկավորման տոկոսադրույքները` 11-ից մինչև 8 տոկոս: