Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդյո՞ք կառավարության վատ գործունեության արդյունք չէ այն, որ փոքր խանութներն օրեցօր փակվում են: Այսօր լրագրողների հարցերին պատասխանել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ եթե ձեռնարկատիրությամբ զբաղվողները իրենց գործունեությունը հաշվարկում են այնպես, որ քիչ հարկեր վճարեն, ապա այդպես չի կարող լինել: «Խաղի կանոններ են փոխվում, և այդ գործընթացի մեջ կլինեն և' փակվողներ, և' բացվողներ: Բերեք կոնկրետ բիզնեսի օրինակ»,- ասաց նախարարը:
Լրագրողները մատնանշեցին մոլերի բացումը, որոնք հարված են հասցնում փոքր խանութներին: Նախարարը նշեց, որ փակվելու երևույթի մեջ պետք է խորանալ, տեսնել` ունի վարկային ծրագրեր և չի կարողանում սպասարկե՞լ, թե՞ ունի փոխկապակցված ձեռնարկություններ և վերադասավորումներ է անում, կամ գուցե ունի վարձակալական վճարների հետ կապված խնդիրներ:
Նախարարը նշեց, որ այսօր աշխարհն ապրում է տնտեսական նոր իրողություններ, և նախարարության գործառույթն է բոլորի նկատմամբ իրականացնել կարգապահական քաղաքականություն:
Լրագրողները հարցրեցին` համաձա՞յն է այն տեսակետին, որ փոքր երկրում հնարավոր չէ տասը հոգով շաքարավազ ներկրել: «Կարող են տասն էլ ներկրել, քսանն էլ ներկրել, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նախարարը: Լրագրողները հիշեցրեցին, որ այդպես է մտածում ՀՀ նախագահը: Նախարարը պատասխանեց. «Ասել է` մի հոգի, որովհետև տարիներ շարունակ մի հոգի է ձևավորել համապատասխան հնարավորություններ մեծ քանակի շաքար ներկրելու, տարիներ շարունակ ներկրել է և հիմա էլ ներկրում է»:
Գագիկ Ծառուկյանի բիզնես գործունեության ստուգումների արդյունքների վերաբերյալ նախարարը նշեց, որ ստուգումները ընթացքի մեջ են, երբ պարզ լինեն արդյունքները, ապա վարչապետը դրանք կհրապարակի:
Մեր հարցին, որ վարչապետն էլ հակառակն է հայտարարել, թե արդյունքները կներկայացնեն հարկային մարմինները կամ ֆինանսների նախարարը, պատասխանեց. «Մենք արդյունքները կներկայացնենք վարչապետին, նա կներկայացնի»:
Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետը խոսում է տնտեսական աճի մասին, իսկ հասարակ քաղաքացին այդպես էլ չի զգում այդ աճի ազդեցությունն իր գրպանի վրա, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Իրոք, բարդ խնդիր է, թե քաղաքացին երբ կզգա տնտեսական աճի արդյունքները: Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ քաղաքացիները զգան դրա արդյունքները: Ժողովրդի վիճակը չի կարող կտրուկ բարելավվել, որովհետև մենք աշխարհաքաղաքական այնպիսի դիրքում ենք, իսկ մեր տնտեսական գործընկերների մոտ տնտեսական ցուցիչները փոխվում են դեպի վատը, ո՞նց կարող է մեզ մոտ դեպի լավը գնալ»: Լրագրողները հարցրեցին. «Ե՞րբ է զգալու քաղաքացին, որքա՞ն ժամանակ հետո»: «Դա կախված է նրանից, թե մենք ինչպիսի զարգացումներ կունենանք: Մենք կարո՞ղ էինք իմանալ այն գործոնների մասին, որոնց արդյունքում փոփոխություններ արվեցին ֆինանսական քաղաքականության մեջ, մենք կարո՞ղ էինք կանխատեսել, թե ինչ զարգացումներ կլինեն մեր հարևան երկրում: Կարո՞ղ ենք գուշակել, թե ինչ զարգացումներ կլինեն վաղը: Չենք կարող»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:
Նախարարը խոստովանեց, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, տրանսֆերտների նվազումը ազդել են առևտրաշրջանառության վրա, որտեղ գրանցվում են անկումներ, և ինքը մտահոգված է այդ խնդիրներով:
Հարցին` արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է զսպել էլեկտրաէներգիայի թանկացումը, ասաց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, հարցը պետք է ուղղել կառավարության այն կառույցներին, որոնք դրանով զբաղվում են»: