Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ` հունվարի 11-ին, վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները, անդրադարձ է կատարվել բիզնես ծրագրերից յուրաքանչյուրին, որոնք վերաբերում են պանրագործության, կաթնամթերքի, գյուղմթերքի արտադրության ընդլայնմանն ու զարգացմանը, ինչպես նաև առանձին ծրագրերում արտաքին ներդրողների ներգրավմանը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, մինչ կառավարության ղեկավարի հետ հանդիպումը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ, քննարկումներ են տեղի ունեցել կառավարությունում, և հավանության է արժանացել յոթ ծրագիր:
«Հիմնականում ծրագրերը վերաբերել են գյուղատնտեսության ոլորտին: Վարչապետի հետ քննարկման ժամանակ հանձնարարվեց, որ ծրագրերից երկուսի շուրջ աշխատանքներ տարվեն, ֆինանսավորում լինի: Մեկը վերաբերում է պանրի արտադրության ծավալների ընդլայնմանը: Վարդենիսի տարածաշրջանում «Էկո կաթ» կազմակերպությունը բավականին նորմալ դիրք ունի պանրի շուկայում. վերջին մի քանի ամիսների ընթացքում կարողացել է 20 տոննա արտադրանք արտահանել ՌԴ, այս տարի նախատեսված է 100 տոննայի արտահանում: Եթե կարողանանք ծավալներն ընդլայնել, ֆինանսավորում լինի, արտադրությունը կմեծանա: Դրան զուգահեռ` հասկանալի է, որ անասնապահությունը կզարգանա, կաթնարդյունաբերությունը կզարգանա, և կաթի այն ծավալները, որ մենք ունենք մարզում, փորձում ենք այնպես անել, որ այլ բաների արտադրությամբ զբաղվողները չմթերեն»,- ասաց Գրիգորյանը:
Նա մատնանշեց «Աշտարակ կաթ» ընկերության օրինակը: «Աշտարակ կաթ»-ը Ճամբարակի տարածաշրջանի և այլ գյուղերից ամբողջությամբ մթերում էր, տեսա՞ք՝ «Աշտարակ կաթ»-ի հետ ինչ կատարվեց»,- նշեց մարզպետը՝ ընդգծելով, որ արտադրողների համար ավելի ձեռնտու է, որ արտադրանքը տեղում իրացվի:
«Եթե տեղի արտադրանքի ինքնարժեքը ցածր լինի, որպեսզի ձեռնտու լինի արտադրողներին, իհարկե, տեղում հանձնելը բավականին ձեռնտու կլինի արտադրողին: Դա կզարգացնի գյուղատնտեսությունը, անասնապահությունը: Իրականում, եթե նորմալ մթերում չկազմակերպվի, գյուղացին կարող է իր հայեցողությամբ ուրիշին հանձնել, բայց մենք, ինչպես գիտեք, խնդիր ենք ունեցել մթերումների հետ, դրա համար փորձում ենք հնարավորություն ստեղծել և կաթի այն ծավալը, որ ստեղծվում է մարզում, տեղում իրացնել»,- ընդգծեց մարզպետը:
Ըստ նրա՝ երկրորդ ծրագիրը վերաբերում է հնդկացորենի արտադրության ծավալների մեծացմանը: «Մենք արդեն կառուցել ենք հնդկացորենի վերամշակման արտադրամաս, մեծ գործարան է: Ուզում ենք ցանքատարածությունները հինգ անգամ ավելացնել և հնդկացորենի արտադրությունը զարգացնել հանրապետությունում: Սա նույնպես շատ արդյունավետ ծրագիր է: Մնացած հինգ ծրագրերը ևս արժանահավատ են, և լրացուցիչ քննարկման թեմա ենք դարձնելու: Խոսքը վերաբերում է կտավատի արտադրությանը, կաթի վերամշակմանը, ձկնկիթի, խեցգետնի պոչերի արտադրությանը»,- նշեց Գրիգորյանը:
Մարզպետի խոսքով՝ առաջիկա երկու օրերի ընթացքում կլինի արձանագրություն, և տարածքային կառավարման և զարգացման նախարարի ստորագրությամբ ժամկետները ֆիքսված կլինեն արձանագրության մեջ. այդ ծրագրերը կոորդինացնում է տարածքային կառավարման նախարարությունը: