կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-24 17:25
Հասարակություն

Տուբերկուլոզ. իրավիճակը` ՀՀ-ում, բուժումն ու աշխատանքային միգրանտների «խերը»

Տուբերկուլոզ. իրավիճակը` ՀՀ-ում, բուժումն ու աշխատանքային միգրանտների «խերը»

Այսօր Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրն է, օրվա կարգախոսն է` «Միավորվենք` վերացնելու տուբերկուլոզը»: Հայաստանում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն իրականացվում է անվճար` պետպատվերի շրջանակներում: Տարեկան պետբյուջեից հատկացվում է 3,5-4 մլն դրամ, իսկ Գլոբալ հիմնադրամն էլ 9,5 մլն դրամ է տրամադրում հիվանդության բուժումն իրականացնելու համար:

Տուբերկուլոզի ախտանշաններն են` հազ` խորխարտադրությամբ /2 շաբաթ և ավելի տևողությամբ/, արյան առկայություն խորխում, գիշերային քրտնարտադրություն, երկարատև, բայց ոչ բարձր ջերմություն /37-37,5°C/, հևոց, ցավ կրծքավանդակում, քաշի կորուստ, թուլություն: Տուբերկուլոզի ախտանշանների դեպքում պետք է դիմել բժշկի, ինքնաբուժմամբ զբաղվելը կհանգեցնի հիվանդության զարգացմանն ու ուշ բուժմանը:

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը:

-Պարո'ն Հայրապետյան, այս պահին Հայաստանում տուբերկուլոզով 600 հիվանդ ունենք, ինչի՞ մասին է խոսում այս թիվը:

-Եթե նայենք 2015-ի տարեկան ցուցանիշը, ապա կտեսնենք, որ տարիների ընթացքում հիվանդացության մակարդակն իջել է, և 2015-ին մենք արձանագրել ենք 28,8 ցուցանիշ` 100 000 բնակչի շրջանում: Իսկ 2007-ին, երբ նոր սկսվեց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, ունեինք 62 ցուցանիշը /100 000 բնակչի հաշվով/, այսինքն` 2-2,5 անգամ նվազել է հիվանդացությունը, իսկ մահերի թիվը նվազել է 3 անգամ: Այսինքն` թվերը փաստում են, որ Հայաստանում մենք որոշակի արդյունքի ենք հասել:

-Հիվանդացության և մահացության նվազումը որքանո՞վ է կախված շուտ դիմելիությունից, և արդյո՞ք մեզ մոտ ձևավորվում է հիվանդության նախնական փուլում բժշկի դիմելու կուլտուրան:

- Հիվանդացության նվազումը պայմանավորված չէ մեկ գործոնից, տուբերկուլոզը բազմասեկտորալ և բազմագործոնային հիվանդություն է, այսինքն` տուբերկուլոզի զարգացման համար անհրաժեշտ են տարբեր պայմաններ, իսկ նվազեցման վրա ազդել է ընդհանուր առողջապահական համակարգում ենթակառուցվածքների ստեղծումը, համակարգված աշխատանքն է իր դերն ունեցել, մասնագետների վերապատրաստումը` ոչ միայն պալարախտաբանի /ֆտիզիատր/, այլ նաև առաջնային օղակի, քանի որ բնակչության առաջին կոնտակտն առաջնային օղակի հետ է: Հայաստանում հատուկենտ դեպքեր են լինում, երբ հիվանդն ուղիղ գնում է պալարախտաբանի մոտ: Հիվանդության նվազմանը նպաստել է նաև դեղերով ապահովվածությունը, քանի որ այս պահին մենք կարող ենք վստահ ասել` չունենք հիվանդներ, որոնք սպասում են դեղի: Այս ամենի հետ մեկտեղ` մեծ դեր ունեն նաև ախտորոշիչ սարքերը, դրանց` պարբերաբար թարմացումը: Հայաստանում, ցավոք, թերի է բնակչության իրազեկվածությունը:

-Հայաստանում տուբերկուլոզով հիվանդ 11 երեխա կա, երեխաների մոտ վարակի պատճառը հիմնականում ո՞րն է լինում:

-Երեխաները վարակվում են իրենց հիվանդ ծնողներից, այսինքն` հիվանդությունն առաջանում է ծնողի հետ կոնտակտից: Դիլիջանում մենք մանկական առողջարան ունենք և մինչև 15 տարեկան այն երեխաներին, ում ընտանիքում կա հիվանդ, ուղեգրում ենք այնտեղ: Երեխային պետք է օջախից հեռու պահել այն ժամանակահատվածում, երբ տան անդամը բուժման փուլը դեռ չի ավարտել: Վերջին տարիներին, բարեբախտաբար, երեխաների շրջանում տուբերկուլոզից մահ չի արձանագրվել:

-Տուբերկուլոզը փոխանցվում է օդակաթիլային տարբերակով, իսկ ինչպե՞ս չի փոխանցվում այն:

-Տուբերկուլոզը չի փոխանցվում սննդի միջոցով, ժառանգաբար, սպասքի կամ հագուստեղենի միջոցով, այն չի փոխանցվում նաև բարևելիս կամ սեռական հարաբերության ժամանակ: Տուբերկուլոզը փոխանցվում է միայն օդակաթիլային ճանապարհով, երբ հազալու, խոսելու կամ փռշտալու ժամանակ հիվանդ մարդն օդ է արտազատում մանրէներ, և առողջ մարդը, շնչելով այդ օդը, կարող է վարակվել:

-Կարո՞ղ ենք ասել, որ մենք ապահովված ենք վարակվելու վտանգից, քանի որ մանրէազատ հիվանդներն առանձնացված են հասարակությունից:

-Այո, մանրէազատ հիվանդների 99 տոկոսը գտնվում է հիվանդանոցներում: Մանրէազատ հիվանդի բուժումը պարտադիր կերպով սկսվում է հիվանդանոցում, և նրանց կանոնավոր բուժումը  կազմակերպելու դեպքում 1-2 շաբաթում նրանք կարող են դառնալ ոչ վարակիչ: Բայց այսքանով չի ավարտվում նրանց բուժումը, նրանց  ուղեգրում ենք պոլիկլինիկաներ` շարունակական բուժումն ապահովելու համար: Սակայն հասարակության մեջ կարող է լինեն մարդիկ, ովքեր տեղյակ չլինեն, որ հիվանդ են, այսինքն` տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որից ոչ ոք ապահովագրված չէ:

-Հայաստանում հիմնականում տուբերկուլոզով հիվանդանում են նրանք, ովքեր արտագնա աշխատանքից են վերադառնում: Հնարավոր չէ՞, արդյոք, Հայաստան մուտք գործելուց հետո աշխատանքային միգրանտներին հետազոտել:

-Արտագնա աշխատանքի մեկնողներն, իրոք, խնդիր են: Մենք ունենք բավական մեծ թվով դեպքեր, երբ բուժումը սկսելուց կարճ ժամանակ հետո, երբ մարդու վիճակը մի փոքր բարելավվում է, մտածում են` վերջ, բուժվել են ու, բուժումը կիսատ թողնելով, մեկնում են արտագնա աշխատանքի: Այդ իսկ պատճառով էլ մեզ մոտ աշխատում են հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, որոնք փորձում են իրավիճակի հետևանքները ներկայացնել հիվանդներին: Բուժումը կիսատ թողնելով ու այդ վիճակով երկրից գնալով` նրանք ուղղակի ծանրացնում են իրենց հետագա  վիճակը և վերադառնում արդեն ոչ թե այն ախտորոշմամբ, որով սկսել էին բուժումը, այլ ծանր վիճակում` արդեն իսկ համակցված վարակներով: Բնականաբար, բուժումն այս դեպքում ավելի բարդ ու երկարատև է լինում, էլ չասեմ`պետության համար ավելի ծախսատար է այն լինում: Հիմա մենք ուզում ենք մի ծրագիր սկսել, որ արտագնա աշխատանքից եկողները պարտադիր ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն անցնեն:

-Ինչպե՞ս է կազմակերպվում տուբերկուլոզով այն հիվանդների բուժումը, որոնք գտնվում են կալանավայրում:

-Քրեակատարողական համակարգում նույնպես հիվանդացության մակարդակը նվազել է, և այս հարցում կարևոր դեր խաղացին սկրինինգային ծրագրերը` 6 ամիսը մեկ հետազոտություններ են անցկացվում դատապարտյալների շրջանում: Եթե դատապարտյալի մոտ կասկած է լինում կամ արդեն հիվանդության ախտանշան, նրան տեղափոխում են դատապարտյալների հիվանդանոց, որտեղ կա հատուկ հակատուբերկուլոզային բաժանմունք: Եթե այդ ընթացքում նրանք պետք է ազատ արձակվեն, մենք 1 շաբաթ առաջ տեղեկանում ենք այդ մասին ու կազմակերպում նրա հետագա բուժումն արդեն կա'մ մեզ մոտ, կա'մ որևէ հիվանդանոցում: Ի դեպ, դատապարտյալների շրջանում 6 ամիսը մեկ պարտադիր ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն է անցկացվում:

Կուզեի հավելել միայն, որ տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է, սակայն մարդը, եթե ունի ախտանշաններ, չպետք է դիմի ինքնաբուժության, դեղատնից գնի հակաբիոտիկ, քանի որ դրանք հետագայում շատ ավելի մեծ վնաս են հասցնելու, քան տվյալ պահին դրանց տված օգուտն է լինելու: Պետք է շատ ուշադիր լինել առողջության նկատմամբ, քանի որ դա մեր ամենամեծ հարստությունն է:

 

Կարինե Հարությունյան