կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-24 12:30
Քաղաքական

Ընդդիմության մեջ չեմ տեսնում այն դեմքին, ում կհաջողվի համատեղել անհամատեղելին. Գուրգեն Եղիազարյան

Ընդդիմության մեջ չեմ տեսնում այն դեմքին, ում կհաջողվի համատեղել անհամատեղելին. Գուրգեն Եղիազարյան

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ցանկանում է, որ Սասուն Միքայելյանը դառնա Հրազդանի քաղաքապետ: «Սասուն Միքայելյանն իմ ընկերն է, և ես ուզում եմ, որ նա իսկապես դառնա Հրազդանի քաղաքապետ: Աստված տա` հենց այդպես լինի»,- այսօր լրագրողներին ասաց նա:

Եղիազարյանի խոսքով` ընդդիմությունը պետք է անպայման օգնի Սասուն Միքայելյանին, հակառակ դեպքում` էլ ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել:

Նա անդրադարձավ նաև ՀԱԿ-ի որդեգրած քաղաքականությանը: «Քանի որ ես եղել եմ ՀԱԿ-ում, չէի ցանկանա քննադատել և ոչնչացնել ՀԱԿ-ին: Իհարկե, հիմա կապ չունեմ նրանց հետ, բայց և այնպես եմ մտածում, որ պետք է լավ մտածեն, թե ինչ են անում: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը սխալվեց`իր տեղերը Սասունին չտալով: Նրանք լուրջ սխալվեցին... ՀԱԿ-ը, այսպես վարվելով, կոպտագույն սխալ թույլ տվեց»,- ասաց Եղիազարյանը:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը հպարտանում է, որ հայաստանյան քաղաքական դաշտում գոյություն ունի մեկ իրական ընդդիմադիր ուժ, և, ըստ նրա ակնարկների, դա ՀԱԿ-ն է, Եղիազարյանը պատասխանեց. «Շատ դժվար է խոսել ընկերների մասին, որոնց հետ ճանապարհ ես անցել: Ես չէի ասի, որ այսօրվա դրությամբ միակ ընդդիմադիր քաղաքական ուժը ՀԱԿ-ն է, մի քանի տարի առաջ կարող էի ասել, բայց հիմա նման բան չեմ կարող ասել: Այսօր ընդդիմությունն այն ուժով օժտված չէ, ինչով օժտված էր 2008-2011 թվականներին, երբ ընդդիմությանը միավորում և ղեկավարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը»:

Նրա խոսքով` դժվար է ասել, թե այսօր Ազատության հրապարակում հավաքվածների հարաբերություններն ինչպես կդասավորվեն: «Ես տեսնում եմ, որ տարբեր հայացքների տեր մարդիկ կան այնտեղ, և չկա մեկը, ով կկարողանա միավորել նրանց: Ընդդիմության մեջ ես չեմ տեսնում այն դեմքին, ում կհաջողվի համատեղել անհամատեղելին, նույնիսկ հորիզոնում չի երևում այդ մարդը»,- նշեց Եղիազարյանը: