կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 14:17
Քաղաքական

"Եվ, և"-ի քաղաքականությունը բացառվում է. Գուրգեն Եղիազարյան

"Եվ, և"-ի քաղաքականությունը բացառվում է. Գուրգեն Եղիազարյան

Մաքսային միություն մտնել` նշանակում է ձեռք մեկնել ՌԴ-ում ապրող մեր հարյուրհազարավոր հայրենակիցներին, ովքեր աշխատում են այդ երկրում և ապրուստի միջոց են ապահովում նաև այստեղ գտնվող իրենց ընտանիքների կամ բարեկամների համար. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը:

 

Ըստ նրա` Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելն ունի բազմաթիվ այլ առավելություններ, այն է`Հայաստանի արտադրանքն ավելի մրցունակ  է Ռուսաստանում, քան որևէ եվրոպական երկրում, և ՀՀ-ի աշխարհաքաղաքական շահերը համընկնում են Ռուսաստանի շահերի հետ: «Ռուսաստանի հետ մեր բարեկամությունն ունի 300 տարվա պատմություն, որը շարունակվում է այսօր ևս, այնպես որ` Մաքսային միություն մտնելով չէ, որ ամեն ինչ սկսվում է»,- ասաց նա:

 

Լեռնիկ Ալեքսանյանը խոսեց նաև Եվրոպայի հետ համագործակցության շարունակության մասին: «Եվրոպական արժեքների յուրացումն ասոցացումը ստորագրելով չի որոշվում, դա երկարատև գործընթաց է, և մեր հասարակությունը պետք որոշի, թե եվրոպական որ արժեքն է ընդունում, որը` ոչ»,- ասաց նա և հավելեց, որ նույն Արևմուտքի կողմից քարոզվող ժողովրդավարության մեջ կան կետեր, որոնք չեն համընկնում մեր` ազգային խնդիրներ ունեցող պետության շահերի հետ:

 

Իսկ ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը բացառեց «և, և»-ի քաղաքականությունը: «Հայաստանն այնքան փոքր հնարավորությունների տեր պետություն է, որ առնվազն ծիծաղելի է մտածել, որ այն կարող է աշխարհաքաղաքական այս երկու բլոկների հետ միաժամանակ համագործակցել»,- ասաց նա: