կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-05 12:51
Հասարակություն

«Սասնա ծռեր»-ի անդամները եթե դատվեն, արտասահմանում շատ վատ բաներ կլինեն. Գուրգեն Եղիազարյան

«Սասնա ծռեր»-ի անդամները եթե դատվեն, արտասահմանում շատ վատ բաներ կլինեն. Գուրգեն Եղիազարյան

«Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավումը հենց այնպես չեղավ, ու Հայաստանում տիրող իրավիճակը մի օր պետք է հանգուցալուծում ունենար. այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման գործունեությանը, վերջին շրջանում Հայաստանում ծավալվող իրադարձություններին:

«Այդ հանգուցալուծումը հենց ՊՊԾ գնդում տեղի ունեցավ: Այս գրավումից հետո մարդիկ ի պաշտպանություն հավաքներ էին անում` ի պաշտպանություն Պավլիկ Մանուկյանի, նրա որդու: Մարդիկ, չճանաչելով «Սասնա ծռեր»-ին, էդ մարդկանց մեջ էին տեսնում փրկությունը: Այս ամենից հետո Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ու լրագրողներին ասում՝ մոռացեք: Ես չեմ հասկանում սա»,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ «Սասնա ծռեր»-ի գործունեության մեջ կային քայլեր, որոնք իր համար անըմբռնելի են:

«Չնայած սրան` ես չեմ կարող չասել, որ պատմության մեջ երևի չլինի այնպիսի օրինակ, երբ հայրը որդուն վերցնում, գնում է մահանալու, կամ երբ մի եղբայրը նստած է, մյուս եղբայրները գնում են մեռնելու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե այս խումբն ավելի հզոր լիներ, ներսում դավաճաններ չէին լինի: «Չիպ ուղարկեցին ներս ու ստացան ինֆորմացիա»,- ասաց Եղիազարյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին` նա նշեց, որ դա ողբերգություն կրած ազգի առաջնորդի ելույթ չէր: «Սերժ Սարգսյանն իր ելույթը պետք է սկսեր նրանով, որ ասեր` հանգստացե՛ք լափել Հայաստանը: Նա փոխարենը  իրավապահների համար շռայլեց գովերգական խոսքեր: Համարյա ոչ մի բան չունենք սպասելու այս հայտարարություններից հետո: Այս ելույթի ընթացքում կարելի էր ասել՝ հայե՛ր, ներողություն եմ խնդրում այս ութ տարիների համար, որ դուք այդքան նեղություն եք կրել»,- նշեց բանախոսը:

Նրա խոսքով՝ «Սասնա ծռեր»-ը շատ բան փոխեց մեր հասարակութան մեջ. «Արցախի մասին մոռացել են մարդիկ, «Սասնա ծռեր»-ի մասին են խոսում: Սա նրանից է, որ մենք ներսից ցավ ունենք: Մենք մոռանում ենք, որ ունենք արտաքին երկու թշնամի՝ Արևելքն ու և Արևմուտքը», ասաց Եղիազարյանը, նշեց նաև, որ «հենց էնպես մատաղացու չեն եղել «Սասնա ծռեր»-ի անդամները»: «Չեն դատվելու, եթե դատվեն, արտասահմանում շատ վատ բաներ կլինեն»,- կարծիք հայտնեց նա:

«Ես չեմ կարծում, որ նախաքննական մարմինը «Սասնա ծռեր»-ի համար պետք է լինի արդարության օազիս, նրանց արդարության օազիսը հայ ժողովուրդն է: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ ոստիկանի սպանությանը, ասեմ՝ պետք է հասկանալ՝ արդյո՞ք այդ դիրքից հնարավոր էր կրակել: Եթե հանկարծ մեկն ասի, որ 400 մետրից դիպուկահարը կրակել է, ես դա համարում եմ աներևակայելի մի բան և կարող եմ ասել, որ էդ հրացանի փողով երբեք, նույնիսկ 200 մետրից խփել չի լինի: Գոյություն ունի քամու ուղղություն, պետք է կարգավորել կրակի ուղղությունը, հիմա ո՞վ է հնարավորություն տվել, որ «Սասնա ծռեր»-ը կետեր դնի, քամու ուղղություն որոշի»,- ասաց Եղիազարյանը:

Խոսելով գլխավոր դատախազի հրաժարականի մասին՝ նա նշեց, որ չի հավատում այն պնդմանը, թե Գևորգ Կոստանյանը ուներ լուրջ առողջական խնդիրներ: «Դատախազն ասել է, որ չի կարող այս դեպքերը որակել «ահաբեկչություն», չնայած նրան գրություն էր եկել, որ սա պետք է որակվի  որպես ահաբեկչություն»,- ասաց Եղիազարյանը: