կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-08 14:47
Քաղաքական

Զարուհին նոր բան չի ասել, այլ կրկնել է իր մեծերի խոսքը. Գուրգեն Եղիազարյան

Զարուհին նոր բան չի ասել, այլ կրկնել է իր մեծերի խոսքը. Գուրգեն Եղիազարյան

«Ասեմ, որ ես Զարուհի Փոստանջյանին չեմ մեղադրում: Նա բարձրաձայնել է մեկ բան, որ շուրջ 10 տարի է` գործածության մեջ է, եւ մենք նոր չէ, որ լսում ենք խաղատների, նախագահի առնչությունների եւ այլնի մասին: Ուղղակի գնալով գումարն է աճում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հարցին:

 

«Առաջարկում եմ ՀՀԿ-ին` երբ կազինո մարդ են ուղարկում իրենց կուսակցությունից, գոնե թող պարապել տան մի աճպարարի հետ, որ շատ տանուլ չտա: Որովհետեւ առանց էդ էլ արդեն 60 տոկոս աղքատ ունենք: Հնարավոր է, չէ՞, մարդու հետ մարզվեն, խաղալ սովորեցնեն ու հետո ուղարկեն եվրոպաներ»,- կատակեց Գուրգեն Եղիազարյանը:

 

Բանախոսը նշեց, որ կետեր կան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունից, որոնք թույլ չեն տալիս իրեն հասկանալ, թե ինչ է կատարվում: Գուրգեն Եղիազարյանը նշեց, թե վերջին նախագահական ընտրությունների ժամանակ «Ժառանգությունը» գովում էր Սերժ Սարգսյանին` նրան անվանելով հերոս, ազգի պարծանք եւ այլն. ճանապարհ բացեցին Սերժ Սարգսյանի առջեւ:

 

«Այսինքն` եթե այդ մարդը խաղամոլ է, հո նոր այդպիսին չդարձա՞վ: Դրա մասին խոսել են 10 տարի առաջ, ու այնպիսի մարդիկ են խոսել, որ հիմա նրա կողքին են: Զարուհին նոր բան չի ասել, այլ ընդամենը կրկնել է իր մեծերի խոսքը»,- ասաց բանախոսը:

 

Նա չի հասկանում, թե ինչու էր Րաֆֆի Հովհաննիսյանը երկու ամսով Ազատության հրապարակում միտինգներ անցկացնելու հայտ ներկայացրել, բայց ինքը միտինգներ չէր տեսնում: Գուրգեն Եղիազարյանը միամտություն է համարում նաեւ իշխանությունների կողմից հրապարակը երկու ամսով հոժարակամ նրանց միտինգներ անցկացնելը թույլատրելը:

 

«Եվ էս ամեն ինչից հետո Զարուհին որոշում է Եվրոպայի բարձրագույն ամբիոնից ելնի ու դեմ դիմաց գնդակահարի Սերժ Սարգսյանին: Նախապես չէր երեւում, որ նման բան կարող էր լինել: Իմ կարծիքով` սա Եվրոպայի ուղիղ արձագանքն է Մաքսային միության հարցում»,- ասաց Եղիազարյանը` հավելելով, թե առանց հատուկ ծառայությունների միջամտության հնարավոր չէր իմանալ, թե ով ինչ կազինո է այցելել ու այնտեղ ինչ գումարներ է տանուլ տվել:

 

Բանախոսի համար տարօրինակ է, թե ինչու է Դավիթ Հարությունյանը ձայն տվել Զարուհի Փոստանջյանին, եթե վերջինս հարց տալու իրավունք չի ունեցել: Մյուս չհասկացվող կետն էլ Գուրգեն Եղիազարյանի համար այն էր, որ այս խոսակցությունը հերքեց ոչ թե Դավիթ Հարությունյանը, այլ Զարուհի Փոստանջյանն` ինքը, իսկ Հարությունյանն այդպես էլ անձամբ չհերքեց այդ խոսակցությունը: Գուրգեն Եղիազարյանի համար անհասկանալի է նաեւ երեւույթը, որ նույն կուսակցության անդամները սկսում են իրարամերժ կարծիքներ հայտնել: Այս իրարամերժ երեւույթների համադրությամբ էլ Գուրգեն Եղիազարյանը փորձում է գտնել ճշմարտությունը կամ, իր իսկ խոսքերով, թե որտեղ է թաղված շան գլուխը: