կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-16 12:55
Իրավական

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Բուդաղյանի կալանքի ժամկետը հերթական անգամ երկարաձգվեց

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Բուդաղյանի կալանքի ժամկետը հերթական անգամ երկարաձգվեց

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը հերթական անգամ երկարաձգվել է ևս երկու ամսով: Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը yerkir.am-ին հայտնեց, որ դատարանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քրեական դատարանում, որը, սակայն, մերժել էր բողոքը: Պաշտպանի խոսքով՝ այս ընթացքում Արա Բուդաղյանի մասնակցությամբ որևէ նոր քննչական գործողություն չի կատարվել, և դեռևս խոսք չկա նախաքննության ավարտի մասին:

Նշենք, որ դեռևս չի ստացվել մահափորձի գործով մեկ այլ մեղադրյալի՝ կապանցի Գարեն Աթաջանյանի նկատմամբ նշանակված համալիր դատաբժշկական փորձաքննության արդյունքները, համաձայն որի` պետք է պարզ դառնա՝ կփոխվի՞ նրա խափանման միջոցը, թե՞ ոչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախաքննական մարմինը համոզել է Աթաջանյանին՝ ցուցմունքներ տալ գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի դեմ և դրա դիմաց ազատ արձակվել: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այս գործով մեղադրանք է առաջադրել Սյունիքի մարզի 4 բնակչի: Մասնավորապես` Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը մեղադրվում են սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս): Իսկ 2013-ի հունիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցներից մահացած Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ):

Նշենք նաև, որ առաջիկայում Հայկ Ալումյանը կբողոքարկի նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013-ի հունիսին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով առաջին ատյանի դատարանի վճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշումը: