կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 11:49
Իրավական

Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի դեմ ԱԱԾ-ն որևէ ապացույց չունի. փաստաբան

Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի դեմ ԱԱԾ-ն  որևէ ապացույց չունի. փաստաբան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու որոշումը:

«Այս անգամ էլ դատարանում քննիչն Արա Բուդաղյանի վերաբերյալ որևէ ապացույց չկարողացավ ներկայացնել, որը կհաստատեր Բուդաղյանի մասնակցությունը գործին»,- լրագրողներին հայտնեց փաստաբանը և հավելեց, որ դա դատարանների, մասնավորապես` Կենտրոնի դատարանի արատավոր սխալն է:

«Կենտրոնի դատարանում տխուր ավանդույթ է ձևավորված, որ եթե ԱԱԾ-ն է միջնորդում կալանավորել անձին՝ անպայման նման որոշում են ընդունում»,- ասաց նա և հավելեց, որ գործով մյուս երեք մեղադրյալների վերաբերյալ էլ նույնաբովանդակ որոշումներ են կայացվել: Փաստաբանի խոսքով՝ մեր երկրում անգամ նոտարն ինչ-որ փաստաթուղթ վավերացնելուց ավելի երկար է այդ գործընթացն անում, քան մեր դատարաններն անձին կալանավորելու որոշումները քննարկելիս:

Ալումյանը նշեց, որ մինչև այժմ իր պաշտպանյալի նկատմամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել: Ըստ նրա՝ Արա Բուդաղյանի գործով Եվրադատարան ուղարկվելիք առնվազն երեք գանգատի հիմք կա:

«Եվրադատարանում մեծ քանակությամբ վճիռներ սպասեք Հայաստանի դեմ, մանավանդ, որ այժմ այնտեղ Հայաստանը ներկայացնող դատավոր ունենք: Բացի այդ` Եվրադատարանում բողոքների քննության ընթացակարգերն արագացվել են»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը Արա Բուդաղյանի մյուս եղբոր՝ Արտակ Բուդաղյանի վերաբերյալ արդեն իսկ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ: