կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-18 16:15
Իրավական

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով տվյալները՝ նախաքննական գաղտնիք

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով տվյալները՝ նախաքննական գաղտնիք

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում է քննվում 2015թ. մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ սպանության փորձ կատարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործը: Հիշյալ գործի ընթացքի մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն, բացի 4 անձանց կալանավորելու և նրանց մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, մինչ օրս չի եղել:

Քննության ընթացքում քննարկվել են Սուրիկ Խաչատրյանին սպանելու շարժառիթների վերաբերյալ տարբեր վարկածներ, սակայն մինչ օրս քննության առարկա չի դարձել շրջանառվող այն վարկածը, որ կատարվածը հնարավոր է հանցագործության իմիտացիա է: Այս ընթացքում տեղեկություններ տարածվեցին նաև, որ նախաքննական մարմինը համոզել է գործով մեղադրյալ` կապանցի Գարեն Աթաջանյանին՝ ցուցմունքներ տալ գործով մեկ այլ մեղադրյալ` Արա Բուդաղյանի դեմ և դրա դիմաց ազատ արձակվել: Նրա ազատ արձակման համար իբրև թե հիմք պետք է հանդիսանար նրա նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի` առողջական խնդիրների պատճառով Աթաջանյանի խափանման միջոցը պետք է փոխվեր:

Այս կապակցությամբ yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ պարզելու` արդյո՞ք ստացվել են հիշյալ փորձաքննության արդյունքները, եթե` այո, ի՞նչ է պարզվել: Հետաքրքրվել էին` նաև, թե գործով որպես մեղադրյալ ներգրավված Արա Բուդաղյանը, Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը և Վիտալի Մինասյանն իրենց մեղավոր ճանաչե՞լ են, թե՞ ոչ:

Մեր հարցմանն ի պատասխան, ԱԱԾ-ից այսօր մեզ հայտնեցին, որ գործով նախաքննությունը շարունակվում է, նախաքննության գաղտնիությունից ելնելով` առայժմ տվյալներ չեն հրապարակվում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի պաշտպանի բողոքն ու անփոփոխ թողել Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու որոշումը: