Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ առաջին ատյանի դատարանի՝ կալանավորումը երկարաձգելու մասին բողոքը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Ալումյանը:
Դատարանը մերժել է նաև այս գործով կալանավորված Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյաննի բողոքը: Ուշագրավ է, որ Գարեն Աթաջանյանի և նրա պաշտպանի բողոքի քննության ժամանակ, պատշաճ կերպով ծանուցված լինելով քննության տեղի և ժամանակի մասին, բողոքի քննությանը չէին ներկայացել գործը քննող քննիչն ու հսկող դատախազը:
«Նրանք անգամ վերաքննիչ բողոքի մասով գրավոր առարկություն կամ այլ պատճառաբանություն չէին ներկայացրել դատարան: Այնուհանդերձ, նրանց բացակայությամբ, վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Հ. Տեր-Ադամյանի, քննության առնելով վերաքննիչ բողոքը և դրա դեմ որևէ առարկության բացակայության պայմաններում, տառացիորեն մի քանի րոպե խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո որոշեց մերժել վերաքննիչ բողոքս: Դատարանների, մասնավորապես՝ տարբեր ատյանների տարբեր դատավորների վերաբերմունքը տվյալ գործով պաշտպանական կողմի ներկայացրած բողոքների և առարկությունների վերաբերյալ հնարավորություն են տալիս հիմնավոր կարծիք կազմելու, որ այդ գործով պաշտպանական կողմի ձեռնարկած բոլոր գործողություններն արդեն իսկ ի սկզբանե դատապարտված են մերժվելու, իսկ դատարանների որոշումները կանխորոշված են: Պաշտպանական կողմն անիմաստ է համարում տվյալ քրեական գործով հետագա ողջ գործընթացին մասնակցությունը և խորհրդակցելուց հետո կորոշի քրեական գործի ընթացքը բոյկոտելու հարցը»,- ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այս գործով մեղադրանք է առաջադրել Սյունիքի մարզի 4 բնակչի: Մասնավորապես` Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը մեղադրվում են սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս): Իսկ 2013-ի հունիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցներից մահացած Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ):