կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-30 12:39
Իրավական

Լիսկայի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը դարձյալ երկարաձգվեց

Լիսկայի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը դարձյալ երկարաձգվեց

Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունն ու ևս երկու ամսով երկարաձգել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ նույն անհիմն որոշումն է:

Փաստաբանը նշեց, սակայն, որ այս գործում, այնուամենայնիվ, «զանազանություն կմտցվի», քանի որ իրենք Բուդաղյանի կալանավորման հարցով երկուշաբթի գանգատ են ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանը ցավով նշեց, որ արդյունքում հերթական անգամ տուժելու է Հայաստանի բյուջեն:

Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանը կալանքի տակ է այս տարվա հուլիսից:

ԱԱԾ-ն այս գործով մեղադրանք է առաջադրել Սյունիքի մարզի 4 բնակչի: Մասնավորապես` Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը մեղադրվում են սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս): Իսկ 2013-ի հունիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցներից մահացած Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ):