Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծանոթանալով նոր Ընտրական օրենսգրքի նախագծին՝ ուզում եմ ներկայացնել հետևյալ դիտարկումները և գնահատականները: Սկսեմ նրանից, որ հանրությանն ըստ էության ոչ թե 100 տոկոս համամասնական ընտրակարգ ենթադրող փաստաթուղթ է ներկայացվել (ինչպես որ նախատեսված է նոր Սահմանադրությամբ), այլ հիբրիդային, այն է` մեծամասնական ու համամասնական ընտրակարգի խառնուրդ:
Ընդ որում` այսօրվա համեմատ մեծամասնական տեղերը փաստացի ավելացել են:
Օրենսգրքում տեղ են գտել ոչ միանշանակ ու վիճելի բազմաթիվ ձևակերպումներ, որոնք վերաբերում են ինչպես ընտրությունների անցկացման բուն գործընթացին, այնպես էլ ապագա իշխանության ձևավորմանը:
Ակնհայտ է, որ բոլոր շրջանակների մոտ առաջացել են բազմաթիվ հարցեր և դժգոհություններ:
Ակնհայտ է նաև, որ անհրաժեշտ է հասարակական ու քաղաքական լայն համախմբում` Ընտրական օրենսգիրքը բոլորի համար ընդունելի դարձնելու և ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին մոտեցնելու համար:
Առաջարկներս հետևյալն են.
Առաջին, ապահովել ընտրողների մատնահետքերով միասնական էլեկտրոնային համակարգի ներդրում` բացառելու կրկնաքվեարկությունը (կարելի է հիմք ընդունել վրացական փորձը): Մտահոգիչ է նաև բազմատեսակ փաստաթղթերով և լրացուցիչ ցուցակներով քվեարկելու հնարավորության ընձեռումը:
Երկրորդ, մաքրել ընտրական ցուցակները և դրանք նախապես հրապարակել, իսկ քվեարկությունից հետո հրապարակել քվեարկողների ցուցակները:
Երրորդ, վերանայել ռեյտինգային քվեարկության առաջարկվող մոդելը՝ այն համահունչ դարձնելով նոր Սահմանադրության տառին ու ոգուն:
Չորրորդ, հանել բոնուսային մանդատների հատկացման մասին դրույթը: Քանի որ նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս կոալիցիաներ կազմել և խորհրդարանի 2/3-ի ձայներով Սահմանադրության որոշ դրույթներ փոխել, խիստ կարևոր է յուրաքանչյուր մանդատի արժեքը, որը պետք է տրվի միմիայն ժողովրդի քվեով:
Հինգերորդ, հանել կոալիցիաների ձևավորման համար կուսակցությունների թվի սահմանափակումը, քանզի այն հակասում է պառլամենտարիզմի գաղափարին:
Վեցերորդ, չսահմանափակել ընտրատեղամասերում դիտորդների և լրատվամիջոցների թիվը, փոխել դիտորդների հրավիրման առաջարկվող կարգը: Բնականաբար, վիճելի այլ դրույթներ ևս կան, սակայն սրանք այն հիմնականն են, որոնք խոցելի են դարձնում մեր քաղաքական համակարգն ու ընտրական գործընթացները:
Կոչ եմ անում մեկտեղել քաղաքական, քաղաքացիական, մասնագիտական և շահագրգիռ այլ շրջանակների ջանքերը՝ նոր Ընտրական օրենսգրքի բարելավման և հանրայնորեն ընդունելի փաստաթուղթ ստանալու նպատակով:
Միջազգային շրջանակներին ևս առաջարկում եմ իրենց նպաստը բերել և՛ որակյալ փաստաթուղթ ստանալու, և՛ բուն ընտրական գործընթացը հանրության համար լեգիտիմ դարձնելու նպատակով: Ինչ վերաբերում է իմ և իմ համախոհների քաղաքական վարքագծին, ապա մենք ակտիվորեն ներգրավվելու ենք ինչպես օրենսդրական քննարկումներում, այնպես էլ բուն ընտրական գործընթացներում` որպես հիմք ընդունելով հասարակական-քաղաքական լայն համախմբման միջոցով երկրում դրական փոփոխությունների հասնելու սկզբունքը:
ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյան