կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-20 17:34
Քաղաքական

Պողոսյանը չի հավատում, որ իրենց խմբակցությունում Ընտրական օրենսգրքի հետ կապված ընդհանուր հայտարարի կգան

Պողոսյանը չի հավատում, որ իրենց խմբակցությունում Ընտրական օրենսգրքի հետ կապված ընդհանուր հայտարարի կգան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ Ընտրական օրենսգրքի մշակման հետ կապված պատգամավորներից շատերը գաղափարներ կունենան և իրենց առաջարկներն առաջիկայում կներկայացնեն: Պատգամավորի խոսքով` այդ առաջարկները պետք է միայն հիմնավոր լինեն: «Նախագիծը որ լինի, այսինքն` գա ԱԺ, անպայման կքննարկենք»,- ասաց Պողոսյանը: Դիտարկմանը, թե «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայտարարել է, որ Ընտրական օրենսգրքի հետ կապված քննարկումներին իրենք կմասնակցեն միայն այն դեպքում, եթե միջազգային գործընկերներից որևէ մեկը ներկա լինի որպես երրորդ կողմ, Պողոսյանը պատասխանեց. «Եթե խմբակցության մասով ասեմ, գիտեք` մեր խմբակցության վիճակը յուրահատուկ է: Ես չունեմ այն հավատը, որ կլինի ինչ-որ ընդհանուր միտք, ընդհանուր դիրքորոշում, բայց վստահ եմ, որ մեր խմբակցության անդամներն անհատապես իրենց առաջարկները, դիրքորոշումները կարտահայտեն»: Պողոսյանի խոսքով` եթե խորհրդարանում նիստը սկսվի և այնտեղ նստած լինի ԱԺ պատգամավորը, ինչպե՞ս կարող է քննարկմանը չմասնակցել, չէ՞ որ դա իր արտահայտվելու հենց ճիշտ տեղն է: «Չենք կարող գալ ասել` մենք լիագումարին հրավիրում ենք երրորդ կողմ, թող գան նստեն, նոր իրենց ասենք: Պետք է լայն քննարկում լինի տարբեր շերտերում: Վստահ եմ, որ կլինեն տարբեր ֆորմատներ: Հենց գործընթացը սկսվի, լավ կլինի, որ բոլորն էլ իրենց մտահոգությունները հայտնեն և առաջարկներ անեն, ունենանք քննարկված մի մոտեցում, որը  ընդունելի կամ ընկալելի կլինի բոլորի համար»,- եզրափակեց Պողոսյանը: