Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է նոր ԸՕ նախագիծը սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու հարցը, մասնավորապես` հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության oրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական oրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով:
Որպես առաջնային և սահմանադրական լուծումների մակարդակում սկզբունքային նոր մոտեցումների որդեգրման կարիք ունեցող հիմախնդիր` դիտարկվել էին նաև ընտրական համակարգի և հանրաքվեի ինստիտուտի բարեփոխումները, որոնք պետք է երաշխավորեն իշխանության ընտրովիության, հաշվետվողականության, փոփոխելիության, ժողովրդավարական գործընթացների անխափանության և առավել վստահելի ընտրական համակարգի ներդրումը: Արդյունքում` հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխություններով` հստակ ամրագրվել են ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ, սահմանվել են քաղաքացու՝ ընտրելու և ընտրվելու հիմնական իրավունքները և այդ իրավունքների սահմանափակման դեպքերը, ինչպես նաև ընտրական գործընթացներին վերաբերող այլ դրույթներ և մոտեցումներ: Իսկ նոր մոտեցումները կյանքի կոչելու և Սահմանադրությամբ ամրագրված նպատակներին հասնելու համար մշակվել է ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է նաև ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որոնց` Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը և ուժի մեջ մտնի 2016 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական նպատակն է լուծում տալ այն հարցերին, որոնք ծագելու են համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և ամփոփման փուլերում: Միևնույն ժամանակ, նախագծում հաշվի են առնվել համապետական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցներում ներկայացված առաջարկությունները, հանձնարարականները, ինչպես նաև համապետական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները` ուղղված Ընտրական օրենսգրքի բարելավմանը, ինչպես նաև համապետական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդագրությամբ ներկայացված առաջարկությունները: Ներկայացված նախագծում իրացվել են նաև ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների մի շարք առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծով ամրագրված դրույթներով մեկից ավելի անգամ քվեարկելը բացառելու ավելի առանցքային հնարավորություններ են ամրագրվել, մասնավորապես` ընտրական ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության, ընտրողների գրանցման փուլի կանոնակարգումները։ Նշված բոլոր գործառույթներն իրականացվում են ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար բաց և վերահսկելի պայմաններում:
Նոր ընտրական օրենսգրքի նախագծի փոփոխություններից մեկը վերաբերում է Ազգային ժողովի ձևավորմանը: Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից: ՀՀ տարածքը բաժանվում է 13 ընտրական տարածքների` յուրաքանչյուր մարզ ներկայացնում է մեկ տարածք, իսկ Սյունիքը և Վայոց ձորի մարզերը դիտարկվում են համատեղ մեկ տարածք, Երևան քաղաքը բաժանվում է 4 տարածքների: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական տարածքային ընտրական ցուցակ յուրաքանչյուր տարածքի համար: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացնում են թեկնածուներ և ձևավորում կուսակցության ընտրական ցուցակներ: Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցության դաշինք տարածքային ընտրական ցուցակում իրավունք ունի առաջարկելու թեկնածուներ, ընդ որում նախատեսվում է առաջարկել առնվազն 5 թեկնածու` յուրաքանչյուր 10 000 ընտրողի հաշվարկով մեկ թեկնածու: Համապետական ընտրական ցուցակը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը ընդհանուր կուսակցության ընտրական ցուցակն է, որում պետք է ընդգրկված լինեն թեկնածուները բոլոր տարածքներից, ինչպես նաև կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության, դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի անդամ չհանդիսացող անձինք: Յուրաքանչյուր ցուցակ պետք է ունենա փոքր հատված` երկրորդ մաս, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին:
Կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն իրենց համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուներից կազմում են տարածքային ընտրական ցուցակներ: Յուրաքանչյուր թեկնածու կարող է ընդգրկվել միայն մեկ տարածքային ընտրական ցուցակում:
Յուրաքանչյուր ընտրող ընտրում է կամ կուսակցությունը կամ կուսակցության ընտրական ցուցակից կոնկրետ թեկնածու: Եթե կուսակցության ընտրական ցուցակի թեկնածուն ձայն է ստացել, ապա այդ ձայնը միաժամանակ հաշվվում է նաև կուսակցության օգտին:
Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Կուսակցությունների մանդատների ուղիղ կեսը համապետական ցուցակներից է ընտրվում, ուղիղ կեսը տարածքային ցուցակներից:
Ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն, կուսակցությունների դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ, առավելագույնը երկու կուսակցությունների (դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստանալու համար:
Ընտրության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները: Եթե առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները միասին նոր դաշինք են կազմում, ապա երկրորդ փուլին մասնակցելու իրավունք է ստանում առավելագույն ձայներ ստացած, նոր դաշինքի կազմի մեջ չմտնող հաջորդ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, որի շուրջ ևս կարող է ձևավորվել նոր դաշինք:
Եթե երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը կամ ավելին, ապա նրանք պահպանում են ստացված մանդատները:
Եթե երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են մանդատների 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ը կամ ավելին:
Երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը (դաշինքը) կամ նոր դաշինքը, որը (որի անդամ կուսակցությունները միասնաբար) առաջին փուլի արդյունքներով ստացել են մանդատների 54 տոկոսից պակաս ձայներ, ստանում է այնքան լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի մանդատների տոկոսի ամբողջ մասը հավասար լինի 54 տոկոսի:
Քվեարկության 2-րդ մասն ունի կարևոր նորամուծություններ: Առաջին` յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է առանձին գույնի քվեաթերթիկներ, որը հնարավորություն կտա չխառնել քվեաթերթիկները մյուս կուսակցությունների քվեաթերթիկների տրցակներին քվեարկության ամփոփման փուլում: Երկրորդը` քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ տեղակայված դակիչին, դակում է ծրարը, որից հետո հանձնաժողովի անդամը բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար:
Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծի նովելներից մեկն էլ վերաբերում է ընտրողի ինքնությունը ստուգելուն, ընտրողների գրանցմանը: Մասնավորապես սահմանվել է, որ ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ և լիազորված քվեարկությունն արգելվում է: Յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին: Մասնագետը վերցնում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ներմուծում այն ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական սարքի մեջ: Եթե ընտրողը որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է նույնականացման քարտը կամ կենսաչափական անձնագիրը, գրանցվում է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և եթե առ այդ պահը անձը հաստատող որևէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է տվյալ ընտրողի նկարը և էկրանի վրա վառվում է կանաչ լույս: Այն դեպքում, երբ էկրանին վառվում է կանաչ գույնի ազդանշան, ապա ավտոմատ կերպով տպվում է քվեարկության կտրոն, որի վրա գրվում է ընտրողի անունը, ազգանունը, ընտրողների ցուցակում հերթական համարը, անձը հաստատող փաստաթղթի համարը, կտրոնի հերթական համարը: Մասնագետը տպագրված քվեարկության կտրոնը փոխանցում է հանձնաժողովի ընտրողների գրանցումն իրականացնող համապատասխան անդամին և փոխանակվում է քվեաթերթիկի և ծրարի հետ:
Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ինչպես նաև իր որևէ անձը հաստատող փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա վառվում է թարթող կարմիր լույսը: Այդ դեպքում ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից, հանձնաժողովի նախագահը ընտրական տեղամաս է հրավիրում ոստիկանության աշխատակիցներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցառումները:
Կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է տեղական ինքնակառավարմանը: Առաջարկվում է, որպեսզի նույն սկզբունքը, որը ընդունված է Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, նույն սկզբունքը կիրառվի նաև Վանաձորում և Գյումրիիում: Ընդ որում, առաջարկվում է, որ երկու քաղաքներում էլ ավագանու կազմը լինի 33 հոգի:
Ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու վերաբերյալ դիմումներ տալու, դիմումները քննարկելու և ընտրողների ցուցակները ճշտելու կարգի վերաբերյալ նույնպես նոր մոտեցումներ են որդեգրվել, որը վերաբերում է ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերը լուծելու կարգին: Նախկին կարգավորումներով վեճերը լուծվում էին միայն դատական կարգով, իսկ ներկայացված նախագծով հնարավորություն է տրվելու նաև բողոքարկել վերադասության կարգով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք
Ընտրական հանձնաժողովների և դատարանների կողմից ընտրություններին առնչվող դիմումները քննության ժամկետների հստակեցման առումով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվում է կատարել համապատասխան լրացումներ ներառելով նոր ինստիտուտ՝ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներ, նկատի ունենալով այն հանգամանքը, որը ընտրական գործընթացի բոլոր ժամկետները սահմանված են օրացուցային օրերով, պայմանավորված այդ իրավահարաբերությունների առաձնահատկություններով:
ՀՀ քրեական օրենսգիրք
Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (քր. օր.-ի հոդված 150):
ՀՀ քր. օր.-ի հոդված 150-ը պատասխանատվություն է սահմանում հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելու կամ ընտրությունների արդյունքները, այդ թվում արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը և դրանց քաղվածքներն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու, քվեատուփ հափշտակելու, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելու կամ մուտքագրված տվյալները փոփոխելու, ինչպես նաև որևէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու կամ այդ նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելու համար:
Տվյալ հանցագործության անմիջական օբյեկտը ընտրությունների և հանրաքվեի անցկացումն ապահովող հասարակական հարաբերություններն են, որոնք ուղղված են պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմանը կամ ՀՀ քաղաքացիների կողմից անմիջականորեն ժողովրդի իշխանության իրականացմանը:
Հանցագործության առարկան ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքներ պարունակող փաստաթղթերն են (քվեաթերթիկները, ընտրողների գրանցման ցուցակները, քվեարկության ամփոփիչ և անճշտությունների վերաբերյալ արձանագրությունները), որոնց ձևն ու լրացման կարգը սահմանվում են օրենքով, ինչպես նաև քվեատուփն ու համապատասխան համակարգչային տեղեկատվությունը:
Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքները կեղծելով, որը կարող է դրսևորվել հետևյալ գործողություններով՝
1) ձայներն ակնհայտ սխալ հաշվելով,
2) ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը և դրանց քաղվածքներն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելով,
3) քվեատուփ հափշտակելով,
4) համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելով կամ մուտքագր-ված տվյալները փոփոխելով,
5) որևէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելով,
6) ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելով:
Ձայներն ակնհայտ սխալ հաշվելը նշանակում է քվեարկության արդյունքների դիտավորյալ աղավաղում, որն առաջ է բերում «կողմ» կամ «դեմ» քվեարկած ձայների՝ իրականությանը չհամապատասխանող ավելացում կամ պակասեցում: Դա կարող է արտահայտվել, օրինակ, մեկ թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկը մեկ ուրիշ թեկնածուի օգտին հաշվելով, անցանկալի քվեաթերթիկների վրա լրացուցիչ նշումներ կատարելով կամ դրանք թաքցնելով, անվավեր քվեաթերթիկներն այս կամ այն թեկնածուի օգտին հաշվելով և այլն:
Հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքներն ակնհայտ սխալ հաստատելն արտահայտվում է ընտրությունները կամ հանրաքվեն օրենքի խախտմամբ դիտավորությամբ կայացած կամ չկայացած, այս կամ այն թեկնածուին ընտրված կամ չընտրված հայտարարելով և այլն:
Քվեատուփ հափշտակելը կարող է որակվել քր. օր.-ի հոդված 150-ով միայն այն դեպքում, եթե դա կատարվել է հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով: Հակառակ պարագայում, համապատասխան հատկանիշների առկայությամբ, արարքը կարող է որակվել քր. օր.-ի հոդված 149-ով: Ուստի կարծում ենք, որ տվյալ դեպքում ճիշտ կլիներ քր. օր.-ի հոդված 150-ում հատուկ նշում կատարել քվեատուփ հափշտակելու կոնկրետ նպատակի՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ:
Քննարկվող հոդվածի իմաստով համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրել կամ մուտքագրված տվյալները փոփոխել ասելով՝ պետք է հասկանալ այն դեպքերը, երբ նման գործողությունները կատարվում են ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու, աղավաղելու, իրականությանը չհամապատասխանող տեսքով ներկայացնելու նպատակով: Հակառակ պարագայում արարքը չի կարող որակվել քր. օր.-ի հոդված 150-ով: Հետևաբար, քննարկվող հոդվածում, ինչպես և քվեատուփ հափշտակելու դեպքում, նպատակահարմար է հատուկ նշում կատարել արարքի կոնկրետ նպատակի վերաբերյալ:
Նշվածով պայմանավորված առաջարկվում են համապատասխան փոփոխություններ կատարել օրենսգրքի 150 հոդվածում (նախագիծ հոդված 1):
Գործող օրենսգրքի 151-րդ հոդվածով առաջարկվում է ապաքրեականացնել ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը:
ՀՀ քր. օր.-ի հոդված 154.1-ի երկրորդ մասն առավել խիստ պատասխանատվություն է նախատեսում կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելու կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելու կամ իրացնելու համար, որը կատարվել է խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Ընդ որում, տվյալ հանցակազմի իմաստով խոշոր չափերի հասկացությունը օրենքում սահմանված չէ, ինչը, կարծում եմ, լուրջ բացթողում է, բայց և միաժամանակ անհնար է սահմանել խոշոր չափեր նշված երևույթների նկատմամբ: Ավելին, օրենքի բովանդակությունից հետևում է, որ արարքը կարող է որակվել քր. օր.-ի հոդված 154.1-ի երկրորդ մասով միայն այն դեպքում, երբ կատարվել է միաժամանակ և´ խոշոր չափերով, և´ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Մի խումբ անձանց կողմից արարքի կատարումը արդեն իսկ պատասխանատվությունը խստացնող և արարքը որակյալ դարձնող հանգամանք է և բնավ անհրաժեշտ չէ որպեսզի այն իրականացված լինի խոշոր չափերով: Այս առումով նախագծով առաջարկվող լրացումը ըստ էության պատասխանատվությունը խստացնող բնույթի է:
Ձայների գնման դեպքերի կանխման, նման հանցավոր երևույթները բացահայտելու ու դրանց դեմ պարքարի արդյունավետությունը բարձրացնելու կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ընտրողի կամքի ազատ իրականացման խոչընդոտելուն վերաբերող 154.2-րդ հոդվածը լրացվել է խրախուսական հատուկ նորմով, համաձայն որի՝ ընտրակաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ մասին ոչ ուշ քան 3 օր հետո կամավոր հայտնում է իրավապահ մարմիններին:
ՀՀ քր. օր.-ի հոդված 154.2-ը պատասխանատվություն է սահմանում ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար:
Քննարկվող հանցագործության հիմնական անմիջական օբյեկտը ընտրությունների անցկացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Լրացուցիչ անմիջական օբյեկտի դերում հանդես են գալիս մարդու կյանքը, առողջությունը, ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը:
Կախված ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու եղանակից օրենսդիրը տարբեր կերպ է նկարագրում տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը:
Մասնավորապես, քր. օր.-ի հոդված 154.2-ի առաջին մասը պատասխանատվություն է սահմանում թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալու համար: Սակայն կաշառք ստանալը, ըստ էության, չի կարող ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտել համարվել: Այլ հարց է ընտրակաշառք տալը: Ուստի, կարծում եմ, որ առավել նպատակահարմար կլիներ ընտրակաշառք ստանալու համար առանձին հանցակազմ նախատեսել:
Այս առումով ներկայացված նախագիծը նախատեսել է նոր կանոկակարգում երկու ինքնուրույն հոդվածների տեսքով (նախագծի 4 և 5 հոդվածներ):
ՀՀ քր. օր.-ի հոդված 154.4-ը պատասխանատվություն է սահմանում քվեարկության օրը զենք կրելու իրավունք ունեցող անձի կողմից զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն (քվեարկության խցիկ) առանց ծառայողական անհրաժեշտության մուտք գործելու համար:
Քննարկվող հանցագործության անմիջական օբյեկտը ընտրությունների անցկացման սահմանված կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են:
Օբյեկտիվ կողմից հանցագործությունը բնութագրվում է քվեարկության օրը զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն (քվեարկության խցիկ) առանց ծառայողական անհրաժեշտության մուտք գործելով:
Հարկ է նշել, որ տվյալ դեպքում օրենսդիրը տեղամասային կենտրոնը, փաստորեն, նույնացնում է միայն քվեարկության խցիկի հետ: Այս կապակցությամբ հարց է առաջանում, թե ինչպես պետք է որակել այն դեպքերը, երբ նույն արարքը կատարվում է ոչ թե քվեախցիկում, այլ ընտրական տեղամասի սահմաններում գտնվող որևէ այլ տարածքում, օրինակ, քվեատուփի մոտ: Ինչպես ուղղակիորեն բխում է քրեական օրենքից, արարքը կարող է որակվել քր. օր.-ի հոդված 154.4-ով, եթե հանցավորը ցուցադրաբար և առանց ծառայողական անհրաժեշտության է զենքով մուտք գործել քվեարկության խցիկ: Վերոգրյալով պայմանավորված առաջարկվում է նշված հոդվածում փոփոխություն, այն է՝ օրենսգրքի 154.4-րդ հոդվածից հանել «(քվեարկության խցիկ)» բառերը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք
Առաջարկվող փոփոխություններով ապահովվում է լիակատար համապատասխանություն ընտրական օրենսգրքի կանոնակարգումների և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կանոնակարգումների միջև, որը վարչական պատասխանատվության սպառնալիքով կնպաստի ընտրական օրենսգրքի կանոնակարգումների լիակատար գործադրմանը և կենսագործմանը:
Ներկայացված նախագծի 1-ին հոդվածով նորովի կանոնակարգումներ է նախատեսվել թեկնածուների կողմից հիմնադրամ չբացելու կամ հայտարարագիր չներկայացնելու դեպքերի համար, որով նշված իրավանորմը լիարժեքորեն համապատասխանեցվում է ընտրական օրենսգրքի կանոնակարգման հետ:
Հոդված 2-րդով առաջարկվում է օրենսգրքի 40.6 հոդվածից հանել «կամ ոչ պատշաճ լրացնելը» բառերը: Նշվածը վերաբերում է գրանցամատյանի լրացմանը և կարծում են, որ առկա ձևակերպումը խիստ լայն է, քանզի օրինակ հապավումներով գրանցամատյանի լրացումը կարող է որակվել որպես իրավախախտում:
Նախագծի 3-րդ հոդվածի նոր շարադրանքը ևս կոչված է ապահովելու ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.9 հոդվածների միջև առկա անհստակությունը, քանզի գործող ընտրական օրենսգիրքը պարունակում էր այլ կանոնակարգում, իսկ ՎԻՎ օրենսգիրքը բոլորովին այլ, ինչը գործնականում հանգեցնում էր տարամեկնաբանումների: Բացի այդ առաջարկվում է նոր կանոնակարգում իրավախախտման կրկնման պարագայում ավելի խիստ պատասխանատվություն կիրառելու առումով:
Վարչական պատասխանատվություն է սահմանվել թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման դեպքում ընտրական հանձնաժողովի խախտումը վերացնելու որոշման պահանջները չկատարելու համար, որով ՎԻՎ օրենսգիրքը լրացում է նոր զանցակազմով՝ նպատակ ունենալով ապահովելու ընտրական օրենսգրքի 18, 25-րդ հոդվածներիի պահանջների կատարումը:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում առաջարկվում են փոփոխություններ, որոնց նպատակն է կանխարգելել ընտրական գործընթացի ժամանակ հետուստառադիո ընկերությունների կողմից ընտրական օրենսգրքի պահանջների խախտումները:
Մասնավորապես, ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը արգելվում է նախընտրական քարոզչությունը: Ինչպես, ցույց տվեց պրակտիկան առանձին հեռուստաըներություններ վերգետնյա հեռարձակման ժամանակ պահպանեցին նշվաշ պահանջ, սակայն կաբելային վերահեռարձակմամբ շրջանցվեցին ընտրական օրենսգրքի պահանջները: Այդ կապակցությամբ առաջարկվում է լրացում, որով սահմանվում է, որ ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում կաբելային (մալուխային) հեռուստաընկերությունները կարող են վերահեռարձակել Հայաստանի Հանրապետությունում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների միայն վերգետնյա եթերային ծրագրերը:
Առաջարկվում է օրենքը լրացնել նոր 58.1 հոդվածով՝ լիցենզիայի կասեցում, որով նախատեսվում է, որ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ, 8.1-րդ, 8.2-րդ մասերից որևէ մեկով տուգանքի ենթարկված հեռուստառադիոընկերության կողմից նշված մասերից ցանկացած մեկով տվյալ ընտրության ընթացքում կրկին խախտում կատարելը կամ տուգանքի կիրառումից հետո խախտումը շարունակելու դեպքում կառջանա հեռուստառադիոհեռարձակման լիցենզիայի կասեցում մինչև տվյալ ընտրության քվեարկության օրը, ժամը 20.00-ն: Կարծում ենք, որ նշվածը իրավական գործիք է կանխելու հատկապես քվեարկության օրը հեռուստաեթերով ընտրական օրենսգրքի պահանջների խախտումները: Հարկ է հիշատակել, որ նախորդ ընտրական փորձը վկայում է, որ հենց քվեարկության օրը հեռուստաընկերությունը եթեր տրամադրեց թեկնածուներին և իրականացվեց բացահայտ քարոզչություն, որի կանխման որևէ գործուն իրավական մեխանիզմ առկա չէր: «Հեռուստատեսության և ռադիո մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի համաձայն ՀՌԱՀ-ի կողմից հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, լիցենզիայի պայմանների խախտման դեպքեր հայտնաբերելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կրկնակի դեպքեր հայտնաբերելու և դրանց մասին վերջինիս գրավոր տեղեկացնելու դեպքում հանձնաժողովը կարող է կիրառել հետևյալ վարչական տույժերը.
1) գրավոր նախազգուշացում.
2) տուգանք:
Վերոհիշյալ հիմնախնդիրը լուծելու նպատակով «Հեռուստատեսության և ռադիո մասին» ՀՀ օրենքում ներդրվել է ՀՌԱՀ-ի կողմից, որպես ծայրահեղ ներգործության միջոց՝ հեռուստառադիոհեռարձակման լիցենզիան կասեցնելու ինստիտուտը:
Առաջարկվում են կատարել լրացումներ, որի համաձայն 1.000.000 դրամի չափով տուգանքներ են սահմանվելու հեռուստառադիոընկերությունների կողմից թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նկատմամբ խտրականության դրսևորելու, ինչպես նաև հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների և ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչությանը մասնակցող կողմերի) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության վերաբերյալ անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն չապահովելու համար: