|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց ԸՕ նախագիծն ու հարակից օրենքների փոփոխությունները: Առաջարկվում է, որ Գյումրի և Վանաձոր քաղաքների համայնքային ընտրությունները տեղի ունենան անուղղակի` Երևանի մոդելով, և ըստ Հարությունյանի` ցանկը հետագայում կընդլայնվի: Հաջորդ կարևոր փոփոխությունը ԱԺ-ի ձևավորումն է, որը համամասնականի արդյունքում է ձևավորվելու, այսինքն` մեծամասնական ընտրակարգ այլևս չի լինելու: Մյուս կարևոր փոփոխությունը ԿԸՀ-ի ձևավորումն է. արմատապես փոխվել է ձևավորման կարգը, ԿԸՀ-ն պետք է ձևավորվի ԱԺ-ի կողմից:
Ըստ Դավիթ Հարությունյանի` սահմանադրական փոփոխությունները նոր հասկացություն մտցրեցին քաղաքական մշակույթում, այն է՝ կայուն խորհրդարանական մեծամասնություն: «Ի՞նչ է կայուն մեծամասնությունը, Սահմանադրությունը չի սահմանել, այն պետք է սահմանվի ԸՕ նոր օրենսգրքում: Մենք առաջարկում ենք կայուն մեծամասնություն համարել ԱԺ պատգամավորների թվի 54 տոկոսը»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է համամասնական ընտրական համակարգին, պետք է հաշվի առնել, որ մոդելները բազմաթիվ են: Դավիթ Հարությունյանի խոսքով` կարող էր առաջանալ մի խնդիր, երբ օտարվում են ընտրողը և ընտրվածը, որովհետև համամասնականով ընտրված պատգամավորները չեն ներկայացնում Հայաստանի որևէ սպեցիֆիկ հատվածի ընտրողների շահերը, այլ` ամբողջ հանրապետությունը: Որոշվել է մշակել համամասնական ընտրակարգի այնպիսի մոդել, որ, ապահովելով համամասնական մոդելի բոլոր առավելությունները, այնուամենայնիվ, երաշխավորվի, որ ընտրողը իմանա, թե ով է իր պատգամավորը, ում կարող է դիմել, ում կարող է ներկայացնել իր քաղաքական պահանջները, ում միջոցով է արտահայտելու իր ձայնը խորհրդարանում:
«Ո՞րն է լուծումը: Լուծումն այն է, որ ՀՀ-ն բաժանվում է 13 ընտրական տարածքների, և յուրանաչյուր ընտրական տարածքում մասնակից կուսակցությունները ներկայացնում են իրենց ընտրական ցուցակը, որը բնորոշ է հենց այդ ընտրական տարածքին: Համամասնական մոդելի մյուս բալանսավորված տարբերակը ապահովվելու է մեկ այլ սկզբունքի հիման վրա, երբ պատգամավորների 50 տոկոսը ներկայացված են լինելու տարածքներից, իսկ մյուս 50 տոկոսը` համապետական ցուցակից»,- ասաց Դավիթ Հարությունյանը: