կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-29 15:24
Քաղաքական

«Ընդդիմադիրները չեն ցանկանում միավորվել». քննարկում՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ

«Ընդդիմադիրները չեն ցանկանում միավորվել». քննարկում՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ

Այսօր ՀԿ-ների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էր հրավիրված նոր Ընտրական օրենսգրքի ընդունման վերաբերյալ: ՀՅԴ փորձագետ Սուրեն Փարսյանը նշեց, որ ՀՅԴ-ն ունի աշխաանքային խումբ, որը քննարկում է ԸՕ-ի վերաբերյալ առաջարկությունները, հստակեցնում կառավարման խորհրդարանական մոդելի մեխանիզմները, և առաջիկայում ՀՅԴ-ն կամփոփի իր առաջարկությունները և կներկայացնի հրապարակայնորեն:

«Բուն ընտրական գործընթացի ավտոմատացման գաղափարը գրավիչ է, բայց դժվար է այն գործնականում իրականացնել, ավտոմատացման համակարգը կարող է անվստահություն առաջացնել, չկա հնարավորություն ընտրությունը փոխելու, եթե սխալ է տեղի ունեցել, այսինքն` կան ռիսկեր»,- ասաց Սուրեն Փարսյանը:

Նա հավելեց, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց քաղաքական տարաձայնությունները և միասնաբար քննարկեն ԸՕ նախագիծը:

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քաղաքական կամք է անհրաժեշտ նոր ԸՕ ունենալու համար: «Կարո՞ղ ենք առանց մեկս մյուսիս մեղադրելու ասել, որ որևէ ընտրություն մինչև հիմա չի արտահայտել իրական պատկերը և պետք է ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք լավ` ԸՕ ունենալու»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտին` Հակոբյանը շեշտեց, որ ընդդիմադիրներից ոչ ոք կարծես չի միանում առաջարկություններին, բոլորը միայն ասում են, որ առաջարկություններ ունեն, բայց ոչ մի ընդդիմադիր ուժ չի ցանկանում միավորվել, ինչը սխալ է ու անարդյունավետ:

Պարզվում է՝ ԲՀԿ-ն եւս այս հարցով աշխատանքային խումբ է ստեղծել:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քննադատեց իշխանություններին նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու համար, մեղադրեց անազնվության մեջ: Ըստ նրա` այնպիսի հեղափոխական փոփոխություններ են պետք նոր ԸՕ-ին, որոնք կնվազեցնեն ընտրախախումները: Լևոն Զուրաբյանը առաջարկում է տեսախցիկներ տեղադրել ընտրատեղամասերում, իսկ քվեարկությանն էլեկտրոնային համակարգի հետ կապված դեռ որոշում չունեն: Ամեն դեպքում` ՀԱԿ-ին հետաքրքրում է էլեկտրոնային գրանցման հնարավորությունը՝ մատնահետքերի նույնականացմամբ: ՀԱԿ-ն առաջարկում է ընտրությունների ժամանակ միասնական վերահսկողության պլատֆորմ ստեղծել:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ պետք է լինեն բաց քննարկումներ, որ բոլորին ներկայացնեն իրենց առաջարկությունները: Պատգամավորը հույս ունի, որ նոր ԸՕ-ն այնքան խիստ պայմաններ կունենա, որ կբացառի մինչ այժմ եղած բոլոր բացերը և խախտումներ անելու հնարավորությունները: Նրա խոսքով՝ ուշադրություն պետք է դարձնել ընտրացուցակներ կազմելուն, որ քվեարկողը չկարողանա մի քանի ընտրատեղամասերում մասնակցել քվեարկության, ընտրողների գրանցման պրոցեսին, որ բացառվեն ընտրական հանցագործությունները: