Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ` անցկացվում են խորհրդարանական լսումներ ԸՕ նախագծի վերաբերյալ: Դրանք կազմակերպվել են քաղաքական խմբակցությունների համար, իսկ մարտի 22-ին խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն քաղաքացիական-հասարակական սեկտորի ներկայացուցիչների համար:
Հիմնական զեկուցողը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է: Նա նշեց, որ ԸՕ նախագծի լրամշակման աշխատանքները շարունակվում են: Ամենակարևորը, ըստ նրա, մեխանիզմների հարցն է, որոնց միջոցով կկանխվեն խախտումները: Առաջարկվել են տարբեր լուծումներ:
Ընտրողների գրանցման փուլի համար առաջարկվել է էլեկտրոնային սարքերի կիրառումը, քանի որ ցուցակները կան էլեկտրոնային տեսքով, և կա անձը հաստատող էլեկտրոնային տարբերակ: Դավիթ Հարությունյանը բացատրեց, որ անձնագիրը կամ ID քարտը ներմուծվում է սարքի մեջ, եթե նա ընտրացուցակում կա: Սկսվում է հաջորդ փուլը` վառվում է կանաչ լույսը: Իսկ եթե մարդուն չի գտնում, ուրեմն մեծ մոնիտորի վրա վառվում է կարմիր լույսը: Հետո կտրոն է տրվում, որն էլ դառնում է քվեարկության հիմնական փաստաթուղթը:
Ձայների ամփոփման փուլում առաջարկվում են քվեաթերթիկների տարբեր գույներ, որը վերահսկողության մեխանիզմ է իրականում ենթադրում:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ իր ամփոփիչ ելույթի ժամանակ կներկայացնի իր տեսլականը, թե ինչ այլընտրանքային եղանակով կարելի է անցկացնել ընտրական գործընթացը:
Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև ԶԼՄ-ների ու դիտորդների թվի սահմանափակմանը` ասելով, որ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը մի հետաքրքիր առաջարկ է ներկայացրել, որի հետ ինքը սկզբունքորեն համամիտ է, այն է` եթե ԶԼՄ ներկայացուցիչը ընտրությունները լուսաբանելու հավատարմագրման փուլում ներկայացնի փաստաթուղթ, որ ինքը որոշակի ժամանակ աշխատել է տվյալ ԶԼՄ-ում, և դա հնարավոր է պարզել եկամտահարկի մասին տեղեկանքով, ապա այդ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքը ընտրատեղամաս չի սահմանափակվի:
Դիտորդների մասով Դավիթ Հարությունյանը նշեց, որ դեռևս չկա որևէ կոնկրետ առաջարկ, և կա վտանգ, որ կեղծ դիտորդների անվան տակ ընտրատեղամաս կմտնեն վստահված անձինք: