Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
61-ամյա նկարչուհի Մարգարիտա Բաղրամյանի հեղինակած նկարները լի են կյանքով, յուրօրինակ պատկերները ստիպում են մարդուն՝ երկար մտորել: Ինքնատիպ են նաև նրա մանրանկարները, դրանցից յուրաքանչյուրում նկարչուհին փորձել է խտացնել «կյանքի գույները»: Բայց, ցավոք, նկարչուհու անձնական կյանքի գույներն այլ են՝ խամրած, մռայլ…
Մարգարիտա Բաղրամյանը երկար տարիներ Վազգեն Ա կաթողիկոսի պատվերով մանրանկարներ է նկարել, հետագայում համագործակցել է տարբեր պետական կառույցների հետ՝ կատարել տարբեր մանրանկարների պատվերներ: «Կիլիկիա» պատմական առագաստանավի «Ճանապարհորդություն 7 ծովերով» ծրագրի շրջանակներում կատարել է մանրանկարչական աշխատանքներ, նկատրազարդել է նավամատյանը, հուշանվերներ:
Տիկին Մարգարիտան խոստովանում է՝ դժվարությունների մասին մոռանում է, երբ առանձնանում է վրձնի հետ, բայց, ցավոք, դարդերը կտավին հանձնել չի կարող:
Մարգարիտա Բաղրամյանը ծնվել է ապահովված ընտանիքում, հայրը՝ Գրիգորի Բաղրամյանը, խորհրդային տարիներին պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, սակայն Մարգարիտան հրաժարվել է հոր հարստությունից և փորձել ապրել ինքնուրույն կյանքով:
«Հորս սրտով չէր, որ եկեղեցում էի աշխատում, բայց արդեն համակերպվել էր այդ մտքի հետ: Ես առանձին էի ապրում, սեփական քրտինքով վաստակում հացս: Առաջին ամուսինս ինձ հետ փողի համար էր ամուսնացել, սակայն, երբ տեսավ, որ ես հորս փողերով չեմ ապրում, բաժանվեցինք: Նույնը եղավ երկրորդ ամուսնուս և դստերս հոր՝ Ստեփանոս Չակալյանի դեպքում»,- պատմեց կինը:
Տիկին Մարգարիտայի խոսքով՝ Ստեփանոսը ժամանակին եղել է եկեղեցու վարդապետ, աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում, սակայն նրա հետ համատեղ կյանքը կնոջն իսկական դժոխք է հիշեցնում: «Նա ինձ խոստովանեց, որ իմ հոր փողերի համար է ամուսնացել, իսկ ես կարծում էի, թե նա եկեղեցական է, մաքուր: Ես եկեղեցուց դուրս եկա նրա պատճառով, նա ամենուր ինձ էր վատաբանում»,- ասաց կինն ու պատմեց ամուսնուց բաժանվելու, դստերը միայնակ մեծացնելու դժվարությունների մասին: «Ստեփանոսի հետ ամուսնացել եմ 1984-ին, 1985-ին ծնվեց մեր աղջիկը: Երբ խոստովանեց ինձ հետ ամուսնանալու պատճառների մասին, մենք բաժանվեցինք: Ես միշտ չեմ ընդունել ալիմենտ հասկացությունը, մտածել եմ` եթե երեխան երկուսինն է, ուրեմն ծնողները հավասարապես պետք է հոգ տանեն նրա մասին, բայց մեր դեպքում բանը հասավ նրան, որ Ստեփանոսից ալիմենտ պահանջեց դատարանը: Նա երկու տարի վճարելուց հետո մեկնեց Հունաստան: Ես գիտեի, թե գնացել է հարազատների մոտ, բայց պարզվեց ընդմիշտ է գնացել և հետ վերադառնալու մտադրություն չունի»,- պատմեց տիկին Մարգարիտան:
Նա հայտնեց որ դրանից հետո ինքը ստիպված դիմել է դատարան, որն էլ որոշում է կայացրել, որ Ստեփանոսը խուսափում է ալիմենտներ վճարելուց, և նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: «Ինտերպոլը, հիմնվելով Հունաստանի ոստիկանության տրամադրած տվյալների վրա, մեր ոստիկանությանը պատասխանել էր, որ իրենց երկրում նման քաղաքացի չկա, բայց եթե նման քաղաքացի չկար, ինչպե՞ս նա կարողացավ իր անուն-ազգանունով 2009-ին Հունաստանից վերադառնալ Հայաստան»,- նշում է կինը:
Նկարչուհու խոսքով՝ այդ տարիներին նախկին ամուսինը երբեք չի հետաքրքրվել դստեր վիճակով, նրան նյութական օգնություն ցույց չի տվել: Նա պատմեց, որ 2009-ին հետախուզման մեջ գտնվող նախկին ամուսնուն ձերբակալել են «Զվարթնոց» օդանավակայանում, ինչից հետո միայն նա փորձել է կապ հաստատել դստեր հետ և նրան ՝ Հունաստան տանելու, այնտեղ կրթության տալու կեղծ խոստումներ տվել: «Դրանից հետո ամիսներ շարունակ ինձ կանչում էին քննչական բաժին, քննիչներն առանց պատճառի ձգձգում էին գործը, ինձ հորդորում էին հաշտվել նախկին ամուսնուս հետ, առաջարկում էին որոշ գումարի դիմաց հրաժարվել ալիմենտով նախատեսված օրինական վճարից, սակայն ես չէի համաձայնում, պահանջում էի այն, ինչ օրենքով հասնում էր աղջկաս»,- ասաց տիկին Մարգարաիտան և հավելեց, որ նախկին ամուսինը 14 տարի ալիմենտ չի վճարել:
Նրա խոսքով՝ նախկին ամուսինը Հունաստանում աշխատել է` որպես անգլերենի ուսուցիչ, և ամսական մոտ 1000 ԱՄՆ դոլար աշխատավարձ է ստացել, ինչը նշանակում է, որ ամեն ամիս գոնե 250 դոլար պետք է փոխհատուցեր: Ըստ կնոջ՝ ամիսներ տևած նախաքննության ընթացքում քննիչները որևէ քննչական գործողություն չեն կատարել, այդ թվում` իր և նախկին ամուսնու միջև առերեսում չի արվել, հարցումներ չեն ուղարկվել Հունաստան` պարզելու, թե ամսական որքան աշխատավարձ է նա ստացել և այլն:
Կնոջ խոսքով՝ եթե անգամ նախկին ամուսինը փոխհատուցեր գումարը, միևնույն է` քրեական պատասխանատվության էր ենթարկվելու, սակայն 2009-ի հունիսին դատարանը նրան համաներման ակտով ոչ միայն ազատեց պատժի կրումից, այլև նա, առանց որևէ գումար վճարելու, կրկին անարգել հեռացավ երկրից: Տիկին Մարգարիտան կասկածներ ունի, որ այն ժամանակ նախկին ամուսինը կաշառել է քննիչներին և այդ կերպ խուսափել ալիմենտները վճարելուց: Կինը հետագայում բողոք է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն քննիչ Զավեն Թադևոսյանի դեմ, ինչպես նաև դիմել է, որպեսզի վերաբացվի խախտումներով քննված գործը:
«Գործը վերաբացելու խնդրով տարբեր ատյանների եմ դիմել, սակայն մինչ օրս արդյունքի չեմ հասել: Տարբեր մարմինների եմ դիմել՝ գործը վերաբացելու և արձանագրված խախտումները բացահայտելու պահանջով»,- ասաց նա:
Դատական քաշքշուկին զուգահեռ, տիկին Մարգարիտայի կյանքում մեկ այլ դժբախտություն է կատարվել: 2010-ին այրվել է նրա բնակարանը, արդյունքում` ոչնչացել են արժեքավոր նկարներ ու փաստաթղթեր: Տարիներ տևած քննչական և դատական քաշքշուկների արդյունքում Մարգարիտա Բաղրամյանի մոտ ի հայտ են եկել տարբեր հիվանդություններ, խորացել է նեյրոդերմիտը: Այս տարիների ընթացքում ծանր ապրումներ է ունեցել նաև նրա դուստրը:
Բազմաթիվ դժվարությունների միջով անցած նկարչուհին այժմ բնակվում է վարձով: Նա հույս ունի, որ մի օր կվերաբացվի գործը, և կվերականգնվի արդարադատությունը: «Ինձ համար սրբապղծություն է, որ որոշ մարդիկ իմ աղջկան հասանելիք գումարից փորձում էին շահ ունենալ»,- խոստովանեց նկարչուհին:
Հ.Գ. Yerkir.am-ը պատրաստ է հրապարակել նաև հիշյալ խնդրի վերաբերյալ մյուս կողմի տեսակետը: