կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-03 12:25
Իրավական

Եթե երկու օր շուտ կաշառքը վերցներ` կխուսափեր պատժից

Եթե երկու օր շուտ կաշառքը վերցներ` կխուսափեր պատժից

Ամիսներ առաջ yerkir.am-ն անդրադարձել էր ագրարային համալսարանի (գյուղինստիտուտ) դասախոս, դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արամ Մուրադյանի վերաբերյալ քրեական գործին:

 

Հիշեցնենք, որ դասախոսը ձերբակալվել էր կաշառք ստանալու պահին` 2013թ. սեպտեմբերի 3-ին,  Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Ներկայումս նա գտնվում է «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում:

 

Ըստ մեղադրանքի` Ա. Մուրադյանը ագրարային համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտում քաղաքացի Խ.-ի ընդունելության քննությունների հարցը դրական լուծելու դիմաց վերջինիցս պահանջել և ստացել է 2.200 ԱՄՆ դոլար կաշառք: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

 

Այս գործն արագացված դատական կարգով քննել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը և վճռել` դասախոսին դատապարտել ազատազրկման` 2 տարի ժամկետով:

 

Ի դեպ, Մուրադյանը, ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում: Պատիժ նշանակելիս դատարանը հիմնվել է մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքի, տուժող Երանուհի Բադալյանի և վեց վկաների ցուցմունքների, ինչպես նաև Արամ Մուրադյանի և Երանուհի Բադալյանի հանդիպումների ժամանակ տեղի ունեցած խոսակցությունների գաղտնալսման ձայնագրառումների վերաբերյալ փաստաթղթերի վրա:

 

Սակայն առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի հետ համամիտ չէր Մուրադյանի պաշտպան` փաստաբան Հովհաննես Հարությունյանը: Նա բողոքարկել էր այն ՀՀ Վերաքննիչ դատարանում: Պաշտպանը դատարանից պահանջել էր պատժի մասով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և Արամ Մուրադյանի նկատմամբ, որպես պատժատեսակ, սահմանել տուգանք` 500.000 մինչև 1.000.000 դրամ, կամ կիրառել ՀՀ քր.օր-ի 70 հոդ. դրույթները և սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառել: Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արարատ Պետրոսյանի նախագահությամբ,  հունվարի 20-ին մերժել էր պաշտպանի բողոքը և առաջին ատյանի կայացրած վճիռը թողել անփոփոխ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Հարությունյանը նշեց, որ վճիռը բողոքարկել է ՀՀ Վճռաբեկ դատարանում, և հույս հայտնեց, որ կբեկանեն այն:

 

Նշենք, որ ընդամենը երկու օր չի բավականացրել դասախոսին, որպեսզի համաներմամբ խուսափի պատժի կրումից, քանի որ ԱԺ-ի կողմից ընդունված` համաներման մասին որոշումը տարածվում է այն անձանց վրա, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2013թ. սեպտեմբերի 1-ը, իսկ դասախոսը ձերբակալվել էր սեպտեմբերի 3-ին: