Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Լուցկու միջազգային օրն է: Թե ինչո՞ւ է հենց այս օրն ընտրվել լուցկու օրը տոնելու համար, պարզ չէ:
Լուցկին ստեղծել է անգլիացի դեղագործ Ջոն Ուոքերը` «պատահաբար». նա փայտով քիմիական նյութեր խառնելու ժամանակ մի օր նկատել է, որ փայտը բռնկվել է: Հետո արդեն Ուոքերը անցել է լուրջ աշխատանքի և կարճ ժամանակահատվածում սարքել լուցկին /1826-ին/:
Ի դեպ, հարկ է նշել, որ ամենևին էլ զավեշտ չէ Լուցկու միջազգային օր ունենալը, քանի որ լուցկին այն բացառիկ ապրանքներից է, որը հարգել է պետք` իր «կայունության» համար. լուցկին այն ապրանքներից է, որը տարիներ շարունակ հայկական շուկայում պահպանել է իր գինը` տասը դրամ: Օրինակ` եթե նախորդ ամիս հացի գինը, ալյուրի գնի նվազմանը զուգահեռ, համապատասխան չափով չի նվազել, լուցկին այստեղ հպարտանալու տեղ ունի` չնայած փայտի գնի թանկացմանը` լուցկին պահպանել է իր գինը:
Թե ո՞րն է լուցկու հանդեպ նման քաղաքակիրթ վերաբերմունքի պատճառը, պարզ չէ, չէ՞ որ, օրինակ, հացը լուցկուց էլ հին է. ըստ որոշ աղբյուրների` Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս մ. թ. ա. III–II հազարամյակներում:
Ավելին` հացն էլ, ինչպես լուցկին, պատահաբար է ստացվել: Ըստ լեգենդների` մի հին եգիպտացի պատրաստվել է իր համար ավանդական բլիթ թխել, սակայն հոգնել է ու քնել` վառարանում մոռանալով ջրով խառնված ալյուրը: Հետո արդեն նա ստիպված է եղել սնվել պատրաստված զանգվածով, որի համն ուղղակի ապշեցրել է նրան:
Չմոռանանք, որ Պասեքի կամ Զատկի ընթրիքի սեղանի շուրջ, որտեղ բազմել էին Քրիստոսը և նրա տասներկու աշակերտները, Քրիստոս վերցրել է հացը, օրհնել այն, կտրել և տվեց իր աշակերտներին՝ ասելով. «Առե՜ք, կերե՜ք, այս է Իմ Մարմինը»:
Օրինակ` մոտ 10 տարի առաջ ավանդական մատնաքաշն արժեր 80 դրամ, իսկ այսօր` 100-120, իսկ լուցկու գինը մնացել է նույնը: Հացի հանդեպ մեր «վերաբերմունքն» ինչո՞ւ է փոխվել, հացն առաջին անհրաժեշտության ապրա՞նք չէ… Եվ սա այն դեպքում, երբ հարևան Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում անում է ամեն ինչ, որպեսզի լավաշն իրենով անի, իսկ մենք հացի գին ենք բարձրացնում` փոխարենը նոր` ավելի գեղեցիկ տուփերով լուցկու գինը թողնելով հայկական ամենափոքր դրամական միջոցի արժեքի:
Միգուցե լուցկու գինը չեն բարձրացնում, որ մարդ միշտ էլ իր մոտ եղած վերջին կոպեկով էլ կարողանա ինչ-որ բան գնելու հաճույքը վայելել, ասել է, թե` մարդու գնողունակության բարձրացմանն են նպաստում…
Ձեզ կայուն դրական տրամադրություն և եկամուտներ` լուցկու անփոփոխ գնի պես:
Կ.Հ.