Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային դրամի խորհրդանիշի (սիմվոլ) հեղինակ Կարեն Կոմենդարյանն առաջարկում է Շահումյանի և Մյասնիկյանի արձանների միջև գտնվող այգում ստեղծել ազգային դրամի զբոսայգի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ յուրաքանչյուր ազգ ցանկանում է ներկայացնել իր արժեքները` ստեղծելով հուշարձաններ, թանգարաններ, մշակութային կենտրոններ:
«Զբոսայգում առաջարկում եմ տեղադրել հուշադրամներ, ավելի ճիշտ՝ կոլեկցիոն մետաղադրամներ, որոնք իրենց մեջ հետաքրքիր ինֆորմացիա են կրում: Դրանք ներկայացնում են հայ ժողովրդի նվաճումները, ժառանգությունը, նշանավոր մարդկանց, անգամ` մեր կենդանա-բուսական աշխարհը: Այն, ինչ մենք ունենք, մի զբոսայգում կարելի է ներկայացնել»,- ասաց Կ.Կոմենդարյանը` հավելելով, որ շատերը կարծում են, թե այգում ցուցադրվելու է «սովորական հայկական դրամը, որով մենք ամեն օր առևտուր ենք կատարում»: Դա այդպես չէ, այնտեղ չեն լինելու ո'չ պատմական, ո'չ էլ ժամանակակից դրամները, բացառապես` հուշադրամներ:
Կոմենդարյանը ցանկանում է, որ յուրաքանչյուր ոք, ով կայցելի զբոսայգի, այնտեղ գտնվող ջրավազանի մեջ մետաղադրամ նետի և ինչ-որ լեզվով մաղթանք հղի հայերին:
«Հետո այդ դրամները պետք է հավաքել և կառուցել Սիսն ու Մասիսը, որին մոտենալիս մարդիկ իրար կհարցնեն. «Դու այս սարի մասնի՞կն ես»,- ասաց նա:
Ազգային դրամի սիմվոլի հեղինակն անցած տարվա փետրվարին այս մտահղացումը ներկայացրել է երկրի նախագահին, վարչապետին, Կենտրոնական բանկի նախագահին, նախկին քաղաքապետին եւ ստացել է դրական արձագանքներ: Ըստ նրա` Երևանի քաղաքապետարանը շուտով քննարկելու է իր առաջարկը:
«Սա երևանցիների համար չէ, սա ուղերձ է ողջ աշխարհին»,- վերջում նշեց Կ.Կոմենդարյանը: