կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-26 18:15
Առանց Կատեգորիա

Ինչո՞ւ է Ռուսաստանն արդարանում Ադրբեջանի առջև

Ինչո՞ւ է Ռուսաստանն արդարանում Ադրբեջանի առջև

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ կոչ է արել պաշտոնական Բաքվին՝ ըմբռնումով մոտենալ Երևանի հետ Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցության և Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու փաստին։ «Զենքի բոլոր մատակարարումները` ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամական Ադրբեջանին, իրականացվում են` տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը հաշվի առնելով»,- ավելացրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Սա կարելի է համարել Ռուսաստանի պաշտոնական արձագանքը երկու օր առաջ պաշտոնական Բաքվի կողմից Մոսկվային հղված բողոքի նոտային։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ-ին նոտա էր հղել Հայաստանին 200 մլն դոլարի չափով ռազմական տեխնիկա և զինամթերք մատակարարելու վարկային պայմանագրի կապակցությամբ՝ Մոսկվայից կոնկրետ երաշխիքներ պահանջելով, որ այդ տեխնիկան չի հայտնվելու ԼՂ-ում։ Դրանից գրեթե անմիջապես հետո հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Որ այդ հեռախոսազրույցի հիմնական պատճառը Ադրբեջանի հայտնած դիվանագիտական բողոքն էր, անուղղակիորեն հաստատել է Զախարովան: «Մենք արդեն դիվանագիտական խողովակներով տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ Ռուսաստանը կապված է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններով, որի շրջանակներում զարգացնում է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը»,- ասել է նա։

Փաստորեն, Ադրբեջանին «հանգստացնելու» համար Մոսկվան չի բավարարվում` Պուտինի մակարդակով հարցի շուրջ Բաքվին բացատրություններ տալով և հարկ է համարել հանդես գալ նաև պաշտոնական դիրքորոշմամբ։ Ընդ որում՝ դա անում է այնպիսի նրբանկատությամբ և այնպիսի ձևակերպումներով, որ կարծես արդարանում է Ադրբեջանի առջև՝ իբր, ճիշտ է՝ լավ բան չենք անում, ներող եղեք, բայց ստիպված ենք համագործակցել Հայաստանի հետ։ Նման մեղմ տոնայնությունը Մոսկվայից հնչում է առաջին անգամ և պարզորոշ ցույց տալիս, թե ինչպես է Ռուսաստանը «դողում» Ադրբեջանի հետ իր հարաբերությունների համար։

Սա առաջին հերթին պայմանավորված է սկսված ռուս-թուրքական դիվանագիտական պատերազմով և Ադրբեջանի համար Մոսկվայի ու Անկարայի միջև ընթացող խուլ պայքարով։ Եվ չնայած թվում էր, թե, հենց այդ դիվանագիտական պատերազմով պայմանավորված, Ռուսաստանի համար առավել կենսական պետք է լինեին Հայաստանի հետ հարաբերությունները, իրականում, փաստորեն, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ «խաղադրույքը» դարձյալ կատարվում է Ադրբեջանի վրա։ Սա պարզունակ խանդի դրսևորում չէ։ Ռուսաստանն իր վրա է վերցրել Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորությունը և Հայաստանի հետ ունի ստրատեգիական համագործակցության պայմանագիր։ Ռուսաստանը նաև Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Եվ եթե անգամ չլինի թուրքական գործոնը, Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած ցամաքային կապը, Հայաստանում երկու ռազմակայան ունենալու փաստը, միայն այս պայմանագրերը պետք է բավարար լինեին՝ ցանկացած այլ երկրի, առավել ևս Հայաստանի թշնամին համարվող երկրի հետ ոչ թե արդարացողի, այլ սպառնացողի դիրքերից հանդես գալու համար։ Առավել ևս` երբ ակնհայտ է, որ եթե, Աստված մի արասցե, ռուս-թուրքական պատերազմ սկսվի, Հայաստանից բացի, ուրիշ հենման կետ Ռուաստանը չի ունենալու։

Բայց Զախարովայի այս հայտարարությունը դրա ճիշտ հակառակ տրամաբանությունն ունեցող երկու շատ վտանգավոր ուղերձ է պարունակում։ Առաջին՝ Հայաստանին վարկով զենք տրամադրելը չի խանգարում ու խանգարելու, որպեսզի Ռուսաստանը շատ ավելի ինտենսիվ շարունակի Ադրբեջանին զինտեխնիկայի մատակարարման գործընթացը: Զախարովան, թերևս, պատահականորեն չի շեշտում, որ մատակարարումներ արվել են նաև Ադրբեջանին։

Երկրորդ, որը շատ ավելի էական է, Ռուսաստանի կողմից Հայաստանին զինտեխնիկա մատակարարելը ոչ այնքան բխում է վերջինիս անվտանգությունն ապահովելու իր հանձնառությունից կամ երկկողմ իրավապայմանագրային պարտավորություններից, այլ․․․ տարածաշրջանում ուժերի բալանսը պահպանելու անհրաժեշտությունից, ինչով, փաստորեն արդարացվում է Ադրբեջանի հետ շարունակվող շատ ավելի մասշտաբային ռազմատեխնիկական համագործակցությունը։ Ռուսաստանը հարկ չհամարեց 2014թ․ Հայաստանին արդարանալ, Հայաստանին ըմբռնումով մոտենալու կոչ անել, երբ բացահայտվեց Ադրբեջանին 5 մլրդ դոլարի չափով հարձակողական ժամանակակից զինտեխնիկա վաճառելու՝ դեռևս 2011թ․ կնքված պայմանագիրը, որը, եթե իրերը կոչենք իրենց անունով, ուղղակի դավադրություն էր Հայաստանի նկատմամբ։ Այն ժամանակ Մոսկվան սառնասրտորեն հայաստանյան հասարակությանը բացատրում էր, որ այդտեղ որևէ արտառոց բան չկա, և որ ինքը պարզապես բիզնես է անում Ադրբեջանի հետ։ Ի դեպ, այդ բիզնեսի շնորհիվ, ըստ Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի կատարած հետազոտության արդյունքների, Ռուսաստանը 2011-ից 2015թթ․ ընկած ժամանակահատվածում իր ռազմական արտահանման ծավալները մեծացրել է 264 տոկոսով կամ 2,5 անգամ, ինչը ապահովել է հիմնականում հենց ռուս-ադրբեջանական վերոնշյալ գործարքի միջոցով, իսկ Ադրբեջանը դարձել է Եվրոպայում զենքի ամենախոշոր գնորդը։ Բայց եթե մինչև վերջ անկեղծ լինենք, Ռուսաստանը Հայաստանին արդարանալու և նրան կոչ անելու առանձնապես կարիքն էլ չուներ։ Որովհետև դրա համար նախ Հայաստանից համարժեք ռեակցիա պետք է լիներ, նախ Հայաստանը պետք է բողոքի նոտա հղած լիներ, որի համար թե\' քաղաքական, թե\' իրավական և թե\' բարոյական շատ ավելի մեծ իրավունքներ ուներ, քան հիմա իրեն վերապահում է Ադրբեջանը։ Մինչդեռ ի՞նչ ռեակցիայի կամ ի՞նչ նոտայի մասին կարող է խոսք լինել, երբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարում է, թե իրենք հասկանում են, որ Ռուսաստանը սուվերեն իրավունք ունի զենք վաճառելու ում ցանկանա, այդ թվում՝ հենց Հայաստանի թշնամին հանդիսացող և այդ զինտեխնիկան Հայաստանի դեմ ուղղելու աներկբա միտում ունեցող Ադրբեջանին։ Ի՞նչ ռեակցիայի մասին կարող է խոսք լինել, երբ պաշտոնապես հաստատվում է, որ Երևանը դեռ 2011թ․ է իմացել ռուս-ադրբեջանական այդ ահռելի գործարքի մասին և այդ ողջ ընթացքում, փաստորեն, լուռ հետևել է, թե ինչպես է Մոսկվան զարգացնում իր բիզնեսը՝ Հայաստանի շահերի հաշվին։

Գևորգ Դարբինյան