Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ Մաշտոցի պողոտայի ասֆալտապատման աշխատանքների ժամկետին:
Նշենք, որ արդեն մեկ շաբաթ է` պողոտայի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները չեն ավարտվում: Այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը շրջայց էր կատարել պողոտայում, և վարորդներն իրենց դժգոհությունն էին հայտնել:
Գևորգյանը նշեց, որ Մաշտոցի պողոտան խիստ ծանրաբեռնված է երթևեկության տեսակետից, ուստի ասֆալտի վերականգնման աշխատանքները հատված առ հատված են կատարվում` խաչմերուկից խաչմերուկ, որպեսզի ամբողջ երթևեկը կաթվածահար չլինի: Բացի այդ` նա նշեց, որ ասֆալտի վերականգնման աշխատանքները իրականացվում են գիշերային ժամերին: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հատվածը իսկապես գերբեռնված է, ֆիզիկապես հնարավոր չէ որևէ աշխատանք կատարել ցերեկային ժամերին` երթևեկությունը կաթվածահար չանելու համար, ուստի այդ աշխատանքները կատարվում են գիշերային ժամերին` ժամը 22-ից սկսած»,- ասաց Գևորգյանը:
Ըստ նրա` քանի որ աշխատանքը կատարվում է այն սկզբունքով, որ երթևեկը չխաթարվի, այդտեղից է գալիս, որ երկար է տևում: Բացի այդ` Գևորգյանը նշեց, որ աշխատանքները կատարվում են պողոտայի երկու հատվածում, մյուս հատվածի աշխատանքներն ավարտվել են: «Առաջիկա մեկ, երկու օրվա ընթացքում մյուս վնասված հատվածի վերականգնման աշխատանքներն էլ կավարտվեն»,- վստահեցրեց նա:
Ապա ասաց, որ, օգտվելով առիթից, հայցում են բոլոր քաղաքացիների ներողամտությունը` աշխատանքով պայմանավորված, այդ հատվածում որոշակի անհարմարություններ ստեղծելու համար:
Նշենք, որ միայն Մաշտոցի պողոտան չէ այդ վիճակում, քաղաքի տարբեր հատվածներում նույն իրավիճակն է: