Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2012-ին Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք էր հռչակվել, նաեւ նշում էինք Հայ գրատպության 500-ամյակը: ՀՀ մշակույթի նախարարը yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, թե իր անձնական դժգոհությունն այն բանի վերաբերյալ է, որ հասակությունը, 2012-ին հոգեւոր արժեքներին այդքան հաղորդակից լինելով հանդերձ, պետք է կյանքի եւ ապրելակերպի նկատմամբ իր ընկալումները եւ մոտեցումները փոխի. «Կարծում էի` մարդիկ ավելի սթափ կդառնան, վաղվա օրվա մասին մտածող, քննարկող: Հուսով էի, որ այդ ծրագրերի միջոցով հասարակության մեջ դրական լիցքերը կավելանան, սակայն այդ առումով, ցավոք, իմ սպասելիքները շատ էին»:
Այո, նախարարի մտահոգությունը տեղին է, մարդիկ, ովքեր հաղորդակից են լինում հոգեւոր արժեքներին եւ չեն փոխվում, վտանգավոր են: Սակայն, մյուս կողմից, պետք է հաշվի առնել, թե ովքեր են մասնակցել միջոցառումներին. մշակութային միջոցառումներին մասնակցում են նրանք, ովքեր սովորաբար մասնակցում են, այսինքն` մարդկանց կոնկրետ խումբ: Այլ հարց է, թե նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում, որ իրականացվող միջոցառումները մատչելի լինեն բոլորին, որպեսզի նախարարի նշած ցանկալի արդյունքին հասնենք:
Հայաստանում կա 180 000 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 8000-ը երեխաներ են: ՀՀ մշակութային կենտրոնների գրեթե 95 տոկոսը հարմարեցված չեն հենաշարժական խնդիրներ ունեցողների համար, իսկ սա նշանակում է, որ նրանք դուրս են մնում մշակութային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից: Հետո էլ ասում են` երեխային ինչպես դաստիարակես, այնպես էլ կմեծենա: Պատկերացնո՞ւմ եք այն երեխայի վիճակը, ով ցանկանում է մանկական ինչ-որ ներկայացում, ֆիլմ դիտել, բայց կանգնում է փաստի առաջ, որ չի կարող դա անել, քանի որ հաշմանդամություն ունի: Այսինքն` այս դեպքում նախարարությունն անում է ամեն ինչ` երեխային ցույց տալու համար, որ նա հասարակության լիարժեք անդամ չի կարող դառնալ:
«Նարեկացի» արվեստի միությունն այն եզակի մշակութային կենտրոններից է, որը ոչ միայն հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, այլ նաեւ միջոցառումներ է կազմակերպում նրանց մասնակցությամբ: Հետաքրքիր է, թե դրանցից քանիսի՞ն եք աջակցել:
Մյուս կողմից էլ` չեմ հիշում որեւէ դեպք, երբ ՀՀ մշակույթի նախարարությունն անապահով ընտանիքներին մշակութային կյանքում ներգրավելու համար որեւէ միջոցառման անվճար 1-2 տոմս տրամադրի: Իսկ մանկատներում կամ ծերանոցներում գտնվողների գոյության մասին, կարծես, լրիվ մոռացել եք կամ էլ գուցե մտածում եք, որ նրանք առհասարակ չպետք է որեւէ միջոռացման մասնակցեն:
Ու քանի որ մարզերում մշակութային կյանքը «եռում» է, տարեկան մոտ մեկ թատրոն կամ էլ կինոդահլիճ է բացվում, մարզերի բնակիչները մի տեսակ շվարած են` չգիտեն մշակութային ո՞ր միջոցառմանը մասնակցել: Տիկի'ն նախարար, մարզերից շատերում կինոթատրոններ ու թատրոններ չկան: Չնայած ինչո՞ւ ենք զարմանում, չէ՞ որ Երեւանում գործում է 1,5 կինոթատրոն, իսկ այդ կես կինոթատրոնը կես չդառնալու համար նախարարությունն «անզոր» էր ինչ-որ բան անել:
Ձեւական միջոցառումները, որոնց մասին շատերն անգամ չեն էլ իմանում, բնականաբար, մարդկանց չեն փոխելու, առավել եւս, ինչպես հասկանում ենք, դրանց մասնակցում են միեւնույն մարդիկ: Նրանց, ում կուզեիք փոխված տեսնել, հնարավորություն չեք տալիս հաղորդակից լինելու մշակութային կյանքի անցուդարձին, այնպես որ` Ձեր ակնկալիքները ոչ թե չիրականացան, այլ դրանք իրականացնելու քայլեր չարեցիք:
Ի դեպ, վերջերս երիտասարդ մի նկարիչ /ուսանող/ ցանկանում էր իր նկարների ցուցահանդեսը բացել. Նկարիչների միությունից նրան տեղեկացրել էին` եթե միության անդամ չես, չես կարող ցուցադրվել այդտեղ, իսկ մնացած բոլոր ցուցասրահները որոշակի կլորիկ գումարի դիմաց էին պատրաստ սրահը մի քանի օրով տրամադրել նկարչին: Երիտասարդ ստեղծագործողներին աջակցելու եւ երկրում պահելու «ճիշտ» քաղաքականության արդյունքն է սա:
Հ. Գ. 2013-ին առաջարկում եմ մտածել մարզերը գրախանութներից ու գրադարաններից բեռնաթափելու մասին:
Կ. Հ.