կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-12 11:02
Տնտեսական

«168 ժամ». Բանկային կապիտալը պատրաստ չէ կրել տնտեսական հեղափոխության բեռը. Նիկոլ Փաշինյանի հույսերը կրկին չեն արդարանում

«168 ժամ». Բանկային կապիտալը պատրաստ չէ կրել տնտեսական հեղափոխության բեռը. Նիկոլ Փաշինյանի հույսերը կրկին չեն արդարանում

«Բանկային կապիտալը դուրս է գալիս տնտեսությունից: Եվ ամենևին կարևոր չէ, որ վարկերն ավելանում են: Կարևոր է, թե ուր են գնում գումարները:

Փաստն այն է, որ տնտեսության իրական հատվածում վարկերը նվազում են: Ու դա վերաբերում է հատկապես արդյունաբերությանը: Նախորդ մեկ տարվա ընթացքում բանկերի վարկային պորտֆելը արդյունաբերության մեջ կրճատվել է շուրջ 130 մլն դոլարով: Հրապա­րակված վերջին տվյալներով ան­ցած տարվա հուլիսին այն անցնում էր 540 մլրդ դրամը: Արդեն այս տար­վա նույն ամսին կազմել է 478 մլրդ դրամ:

Մեկ տարում բանկերի վարկային ներդրումները արդյունաբերության մեջ կրճատվել են 11,7 տոկոսով: Իսկ դա լուրջ անկում է: Սա տնտե­սության այն միակ, բայց ամենակարևոր հատվածն է, որտեղ բան­կային կապիտալը նվազել է: Թեև այնպես չէ, որ գյուղատնտեսությու­նը գտնվել է փայլուն վիճակում: Գարնան նախաշեմին կառավարու­թյունը՝ վարչապետի գլխավորու­թյամբ, այնպիսի ծրագրերի ու դրանց շրջանակներում հատկաց­վող վարկերի սուբսիդավորման, անհատույց գումարների տրամադրման մասին էր խոսում, որ թվում էր, թե ուր որ է գյուղատնտե­սությունը փողի տեղ ու դադար չի ունենալու:

Թե ինչ եղավ հետո, դժվար չէ կռահել: Գյուղատնտեսությունը շա­րունակում է անկում գրանցել, իսկ այդ ծրագրերից նորություն չկա: Աս­վեց ու մոռացվեց: Արդյունքների մասին այլևս ոչ մեկը չի խոսում: Չնայած, եթե ասելու բան լիներ, հի­մա վարչապետը վաղուց մի քանի շռնդալից գրառումներ էր արել:

Այն, ինչ տեղի է ունեցել գյուղոլորտի վարկավորման բանկային պորտֆելում, լիովին տեղավորվում է տնտեսության այս հատվածի զարգացումների շրջանակներում: Ռազմավարական ճյուղ հայտա­րարված ու կառավարության «բարձր» հովանավորության տակ գտնվող գյուղատնտեսության մեջ բանկային կապիտալը, ի տարբե­րություն արդյունաբերության, վեր­ջին մեկ տարում, իհարկե, ավելա­ցել է: Այլ հարց է, թե ինչքա՞ն, մեկ տարում ընդամենը 1,2 մլրդ դրա­մով: Աճը չի հասնում նույնիսկ 1 տո­կոսի: Այս թվերը շատ խոսուն են: Դրանք վկայում են, թե կառավարության ասածներն ու իրականու­թյունն ինչքանով են տարբեր: Բան­կերի ու տնտեսության իրական հատվածի միջև անջրպետը խորա­նում է: Հույսերը, որ տնտեսական հե­ղափոխության շարժիչ ուժը պիտի դառնա բանկային կապիտալը, այդ­պես էլ մեկ տարի հետո չեն իրակա­նանում:

Տնտեսության իրական հատվածը չի կարողանում մարսել թանկ փողերը, իսկ էժան փողեր Հա­յաստանում չկան կամ շատ քիչ են: Ներդումների, առավել ևս օտա­րերկրյա ներդրումների մասին խո­սելը նույնիսկ ավելորդ է: Անգամ պաշտոնական վիճակագրությունն է խոստովանում, որ արտաքին կա­պիտալը հետ է քաշվում:

Տարվա առաջին կեսին տնտեսության մեջ ձևավորված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը 5 ան­գամ նվազել են: Ու դա տեղի է ունե­ցել ներքին տնտեսությունից ար­տաքին կապիտալի ավելի ակտիվ տեղաշարժի հետևանքով: Վեց ամ­սում օտարերկրյա ուղղակի ներ­դրումների մաքուր մուտքը կազմել է ընդամենը 16 մլն դոլար: Այն դեպ­քում, երբ անցած տարի հասնում էր 80 մլն դոլարի: Կապիտալը դուրս է գալիս երկրից, ինչը չի կարող մտա­հոգիչ չլինել: Դա ուղղակի պատաս­խան է կառավարության այն գործո­ղությունների, որոնք տեղի են ունե­նում Հայաստանում վերջին մեկուկես տարում»,-գրում է թերթը: