կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-08 12:23
Տնտեսական

Դեմագոգիայով եք զբաղված. Ռոբերտ Նազարյանը մեղադրում է, ՀԷՑ-ը՝ արդարանում

Դեմագոգիայով եք զբաղված. Ռոբերտ Նազարյանը մեղադրում է, ՀԷՑ-ը՝ արդարանում

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին պատրաստվում է տուգանել 75 միլիոն դրամի չափով: ՀԾԿՀ-ի որոշման նախագծում ասվում է, որ ՀԷՑ-ը խախտել է քաղաքացու սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները, բացի այդ` միացման վճարից բացի, քաղաքացիներից պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով: Որպես հիմնավորում` ՀԷՑ-ը ներկայացրել է ընկերության ֆինանսական ծանր վիճակը:

ՀԷՑ-ի ներկայացուցիչներն ու իրավաբանները յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ փորձում են ներկայացնել հակափաստարկներ՝ առաջարկելով հանել որոշ դիմումներ:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, դիմելով ՀԷՑ-ի ներկայացուցիչներին, ասաց. «Դուք վաղուց գիտեիք, որ վարչական վարույթ է նախապատրաստվում, բավարար ժամանակ ունեիք՝ իրականացնելու գործողություններ, բայց դա չեք արել, հիմա եկել, ինչ-որ բաներ եք հայտարարում, որը լուրջ չէ»:

ՀԷՑ-ի իրավաբան ներկայացուցիչը հայտարարեց, որ ՀԾԿՀ-ն խախտում է դիմումները բազմակողմանիորեն ու օբյեկտիվ քննելու պարտավորությունը, քանի որ զրկում է ՀԷՑ-ի ներկայացուցիչներին իրենց տեսակետները ներկայացնելու հնարավորությունից, լսելի լինելու իրավունքից:

ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը չընդունեց ՀԷՑ-ի իրավաբանի փաստարկները՝ պնդելով, որ ՀԷՑ-ը բավարար ժամանակ ուներ, թող բարի լիներ ներկայացնել իր փաստարկները, սակայն ոչինչ չի արել, և փաստարկների մասին խոսում է այն ժամանակ, երբ արդեն վարչական վարույթ է ընդունվել:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը դիմեց ՀԷՑ-ի իրավաբանին.՝ «Ինչն ա ինձ զարմացնում` վաղը բան ա փոխվելո՞ւ: Դեմագոգիայով եք զբաղված»:

Շարունակվում են ՀԷՑ-ին տուգանելու դիմումների քվեարկությունները: Հիշեցնենք, որ նիստին ներկա է ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը: