Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել:
Այս մասին հայտարարություն է տարածել «Շենգավիթ» բժշկական կենտրոնը, որտեղ հաշվառված է եղել ծննդկանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Մերի Մարգարյանը «ձախակողմյան պիելոնեֆրիտ, սուր ռեսպիրատոր հիվանդություն, հղիների անեմիա» ախտորոշմամբ հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ հղիների պաթոլոգիայի բաժանմունք հուլիսի 26-ին ժամը 16։20 բավարար վիճակում։
«Ընդունման պահին հղին գանգատվել է ընդհանուր թուլությունից, ձախ գոտկային շրջանում բութ ցավերից, բարձր ջերմությունից։
Հոսպիտալացման պահից սկսվել է դեզինտոկսիկացիոն, ինֆուզիոն, հականեմիկ եւ հակաբակտերիալ բուժում։ Հոսպիտալացման հաջորդ օրն առավոտյան հղին գանգատվել է ընդհանուր թուլությունից, հեւոցից, հաճախշնչությունից, հազ չի նշել, ջերմությունը եղել է 37,8 աստիճան։ Այդ կապակցությամբ քանիցս զննվել է մասնագետների կողմից, իրականացվել են լաբորատոր եւ թոքերի ռենտգեն–հետազոտություններ, որոնց արդյունքում թոքաբորբ չի հայտնաբերվել։
Քիչ ուշ անալիզներում փոփոխությունների գրանցման կապակցությամբ հրավիրվել է կոնսիլիում, որոշվել է իրականացնել հեպատոլոգի եւ նեյրոօֆթալմոլոգի խորհրդատվություն։ Վերջինիս զննման արդյունքում կասկածվել է սուբարախնոիդալ արյունազեղում, ինչի պատճառով էլ որոշվել է հղիին տեղափոխել բազմապրոֆիլային բուժհաստատություն` ախտորոշումը հերքելու կամ հաստատելու եւ հետագա բուժումը կազմակերպելու նպատակով։ Ժամը 15։00 հիվանդը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մերի Մարգարյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, 2 օր անց նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը: