Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ նախագահական գնացած բոլոր քաղաքական ուժերը մեկ ընտանիքի զավակներ են. Yerkir.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը: «Մեր նախագահի վարած քաղաքականության մեջ բոլորն էլ մի ընտանիքի զավակներ են»,- ասաց նա:
Ախոյանը իր` նախագահականում ներկա չգտնվելը բացատրեց նրանով, որ տեղերը սահմանափակ են եղել: «Ես չեմ ունեցել հրավեր, որովհետև այնտեղ տեղերը խիստ սահմանափակ էին, և ես դրան ըմբռնումով եմ մոտենում, որովհետև ամեն տեղից մեկ-երկու հոգի էին հազիվ. ամեն մի ծաղկից երկու թերթիկ էր քաղված, որ բոլորն էլ գնան ու հասանելի դարձնեն այն բոլոր մեսիջները, որ ասաց մեր հանրապետության նախագահը»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով` Սերժ Սարգսյանի ելույթն ուներ շատ կոնկրետ հասցեատերեր, ովքեր գուցե հասկանան, որ պետք է փոխվեն: «Նախագահն իր ելույթով ուղղակի ազդարարեց մի նոր ռազմավարություն, մի նոր մոտեցում մեր երկրի կառավարման գործընթացում, և համոզված եմ, որ շատ բան է փոխվելու: Վաղուց պետք էր այս խոսքերն ասել և այն տեսքով, որը մեր նախագահը ներկայացրեց, որպեսզի հասկանան ոմանք, որ պետք է փոխվեն, և այդպես շարունակել չի կարելի»,- ընդգծեց պատգամավորը` հավելելով, որ Սարգսյանի խոսքերից հասկացել է նաև, որ պաշտոնյաները պարտավոր են իրենց գործը սրբորեն կատարել, իսկ եթե չեն կարողանում, իրենց տեղը պետք է զիջեն երիտասարդներին կամ նրանց, ովքեր կարող են այդ ծանրությունը տանել:
«Շատ օգտակար և ազդեցիկ մեսիջներ հնչեցին, շատերը հետևություններ կանեն և կփորձեն այս կարճ ժամանակահատվածում պարզապես ուղղվել, ուղղակի վերանայել սեփական վարքագիծը: Իրենց շեշտված առավելությունը չցուցադրեն այն մարդկանց նկատմամբ, որոնք հազիվ են ապրում»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն իր ելույթում շեշտեց, որ ապագա խորհրդարանում որևէ կուսակցության և անհատի տեղը երաշխավորված չէ, և հեշտ հաղթանակներ չեն լինելու, Ախոյանը պատասխանեց. «Ամենակարևոր կետերից մեկը նաև դա էր… Ոմանց թվում է, թե իրենք այնքան կարևոր են, որ իրենց` խորհրդարանում չլինելը որոշ ցնցումներ կարող է առաջացնել հանրապետությունում: Խորհրդարանում պետք է լինեն այն մարդիկ, ովքեր աշխատում են, ովքեր լավ հասկանում են այդ ամբիոնի կարևորությունը, իրենց պատասխանատվությունը, ժողովրդի տված քվեի նկատմամբ իրենց պարտավորությունները և այլն: Ես էլ միշտ ասել եմ` իսկ ո՞վ ասաց, որ ես հաջորդիվ պետք է լինեմ խորհրդարանում: Չէ՞ որ դա պետք է որոշեն, մարդիկ. ինքս կշռադատեմ և հասկանամ` տեսնեմ` պե՞տք եմ, թե՞ պետք չեմ»:
Արձագանքելով դիտարկմանը, թե ստացվում է` նախագահն իր ելույթում խոստովանեց նաև, որ մեր օրենսդիր մարմնում կան նաև ոչ բանիմաց մարդիկ, և ընդգծեց, որ առաջիկա խորհրդարանում այդպիսիք չպետք է լինեն, պատգամավորն ասաց. «Իհարկե, մեր խորհրդարանում կան մարդիկ, ովքեր ընդամենը տրոլեյբուսի պասաժիրի պես մի բան են»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որում նա խոսում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում դրական փոփոխություն տեսնելու հեռանկարի բացակայության մասին, Ախոյանը նշեց, որ, իսկապես, ներկայումս ո\'չ Թուրքիայի իշխանություններն են պատրաստ դրան, ո\'չ էլ այնտեղի քաղաքացիական հասարակությունը:
Հարցին, թե հնարավո՞ր է հայ-թուրքական արձանագրությունների հետկանչման հարցը շատ մոտ ապագայում առաջ քաշվի, պատասխանեց, որ կարծում է` առայժմ պետք չէ, բայց որևէ կոնկրետ բան չի կարող ասել, քանի որ աշխարհում շատ բան է փոխվում, նոր գործընթացներ են սկսվում: