Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թիվ 11 ընտրատարածքում՝ Շիրակի մարզում, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված եւ ԱԺ չանցած Մարտուն Գրիգորյանին Սերժ Սարգսյանը պաշտոն է տալիս: Այս մասին armtimes.com-ին տեղեկացնում են ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր լավատեղյակ աղբյուրները: Ամենայն հավանականությամբ, Գրիգորյանը առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունում կզբաղեցնի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնը: Ի դեպ, հիշեցնենք, որ մինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը Գրիգորյանը Գյումրի էր հրավիրել տրանսպորտի նախարարին եւ քննարկել էին ոլորտի մի շարք խնդիրներ: Ավելացնենք նաեւ, որ Գրիգորյանի ընտանիքին է պատկանում «Տրանս Ակնթարթ» ուղեւորափոխադրող ընկերությունը:
Սրան զուգահեռ՝ խոսվում է, որ ՀՀԿ-ում հաշվի են առնելու նաեւ այն հանգամանքը, որ Մարտուն Գրիգորյանը երկար տարիներ զբաղեցրել է Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը եւ չի բացառվում, որ նշանակվի գյուղատնտեսության փոխնախարար:
Այս տեղեկությունների իսկությունը փորձեցինք ճշտել Մարտուն Գրիգորյանի մամուլի խոսնակից: Armtimes.com-ի հետ զրույցում Գրիգորյանի խոսնակ Լիզա Գասպարյանը նշեց, որ այս պահին դեռ ոչ մի տեղեկություն չի կարող հաստատել եւ հերքել: Գասպարյանն ավելացրեց, որ Մարտուն Գրիգորյանն առաջիկայում հանդես է գալու հայտարարությամբ:
Անդրադառնալով 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրության արդյունքներին նշենք, որ Գրիգորյանը ստացել էր 10 հազար 700 քվե: Նա մարզում 5-րդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է:
Սույն ընտրատարածքում ամենաշատ ձայները հավաքել էր ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ 14 510, 2-րդը ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Վարդեւան Գրիգորյանն է՝ 14 312 ձայնով, այնուհետեւ նույն կուսակցության ցուցակով առաջադրված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ 12 452 ձայնով եւ ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ 11 796 ձայնով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: