կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-26 11:48
Քաղաքական

ԵԽԽՎ նստաշրջանից նստաշրջան աշխատելը աշխատանք չէ. Լարիսա Ալավերդյան

ԵԽԽՎ նստաշրջանից նստաշրջան աշխատելը աշխատանք չէ. Լարիսա Ալավերդյան

ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցների առկայությունը հայկական պատվիրակության պասիվ աշխատանքի արդյունքն է. այսօր լրագրողներին ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«Հայկական կողմի բավական պասիվ քաղաքականության պատճառով Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը: Եթե անգամ այդ զեկույցներն ընդունվեն, պարտադիր բնույթ չեն կրելու: Բայց այստեղ կարևորն այն է, որ արդեն մեկ տարի է` շրջանառության մեջ են այդ զեկույցները: Ադրբեջանն անընդմեջ ընդլայնում է այն ծավալները, որոնք դառնում են ադրբեջանական գաղափարախոսության կրողներ»,- ասաց նա` հավելելով, որ ԵԽԽՎ-ում փոփոխություն չկա, և այնտեղ խնդրից անտեղյակ պատգամավորներ են աշխատում, որոնք առաջ են քաշում նման զեկույցներ:

«Մենք անընդհատ ասում ենք, որ նրանք ծախու են: Մենք ամեն անգամ ընկնում ենք երկրորդական բաների հետևից: Գնալով ավելի է այդ կարծրատիպը մնում, բայց մենք պետք է ամեն օր աշխատենք, ոչ թե միայն նիստին նախորդող ժամանակահատվածում: Մենք Ստրասբուրգում ունենք գործադիր իշխանության ներկայացուցիչ, պետք է նստաշրջանից առա՞ջ միայն արձագանքել, որ Ադրբեջանը հակահայկական զեկույցներ է բերել: Նստաշրջանից նստաշրջան աշխատելը աշխատանք չէ: Հարցերը պետք է լուծվեին մինչև ԵԽԽՎ նստաշրջանը»,- ընդգծեց Ալավերդյանը:

Ըստ նրա` խնդիրը միայն անձերի մեջ չէ, այլ կոնցեպցիայի բացակայության: Լարիսա Ալավերդյանի խոսքով`մեր պատգամավորները լավ պատկերացում չունեն Արցախի հիմնահարցի մասին, այնտեղ կան մանրուքներ, որոնց չեն տիրապետում նրանք: «Ամենօրյա աշխատանք տեղի չի ունենում, և արդյունքը ստացվում է հենց այսպիսին»,- եզրափակեց ՀՀ առաջին օմբուդսմենը: