Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարությունը արտահերթ նիստ էր հրավիրել: Նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ամփոփելով 2015 թվականը: Նրա խոսքով` 2015 թվականը հագեցած էր Հայաստանի համար. եղան բազմաթիվ կարևոր իրադարձություններ, ինչպես նաև` նվաճումներ: Որպես անցնող տարվա գլխավոր իրադարձություն` Հովիկ Աբրահամյանը առանձնացրեց տնտեսական աճի ապահովումը, սահմանադրական փոփոխությունները և տնտեսական ինտեգրումը:
«Թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների բացասական ազդեցությունից, սակայն ռեսուրսների և ջանքերի կենտրոնացմամբ, կառավարության վստահ և ոչ ստանդարտ քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ: Հունվար- դեկտեմբեր ամիսներին տնտեսական աճի ակտիվության ցուցանիշը կազմել է 3 տոկոս, այն դեպքում, երբ տարվա սկզբին հեղինակավոր միջազգային կառույցները և փորձագետները ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում` բացասական տնտեսական աճի ցուցանիշներ»,- ասաց նա:
Ըստ վարչապետի` աճ կա արդյունաբերությունում` 4.6, գյուղատնտեսությունում` 11.6, ծառայությունների ոլորտում՝ առանց առևտրի 3 տոկոս:
Գնաճի ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, կազմել է 1.9 տոկոս, միջին գնաճը՝ 4.1 տոկոս, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձը աճել է 8.5 տոկոսով:
«Ուզում եմ ընդգծել, որ սա եղել է Ռուսաստանի ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված, տրանսֆերտների` շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարով անկման պարագայում»,- ասաց Աբրահամյանը:
Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին` վարչապետը նշեց, որ համաժողովրդական քվեարկության միջոցով ընդունվեց նոր Սահմանադրություն, որը հիմք է հանդիսանալու կայուն զարգացման համար:
Հաջորդ կարևորագույն նվաճումը մեր երկրի խորացող և հավասարակշռված տնտեսական ինտեգրումն է ԵՏՄ-ին: «Մեր արտահանումն ունի համեմատաբար կայուն դինամիկա և ավելի լայն աշխարհագրություն: Թեև տասն ամիսների արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ նվազել է շուրջ մեկ քառորդով, ընդհանուր արտահանումը ունի 2 տոկոսանոց անկում: Մեր կողմից կատարված վերլուծությունները միանշանակ վկայում են` միանալով ԵՏՄ-ին` ՀՀ-ն հնարավորություն ստացավ մեղմելու արտահանման նվազումը` համեմատ այլ երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի: ՀՀ-ն սկսեց լայնածավալ բանակցություններ ԵՄ-ի հետ, որի ժամանակ քննարկվել են ոչ միայն քաղաքական, այլ նաև բազմաթիվ տնտեսական հարցեր: Վստահ եմ, որ մենք արձանագրելու ենք նոր հաջողություններ: Որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու` հայտարարում եմ, որ կառավարությունը գործադրում է իր բոլոր ջանքերը տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանողունակության մեծացման և ժողովրդի բարեկեցության համար, և դա անելու ենք բոլորս միասին` համատեղ ուժերով»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը: