կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-12 10:36
Տնտեսական

Հովիկ Աբրահամյանը Քուվեյթի վարչապետի հետ քննարկել է տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Հովիկ Աբրահամյանը Քուվեյթի վարչապետի հետ քննարկել է տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն: ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց է ունեցել Քուվեյթի իր գործընկերոջ՝ վարչապետ Ջաբեր ալ Մուբարաք ալ Համադ ալ Սաբահի հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

 

Քուվեյթի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին իր հրավերն ընդունելու և Քուվեյթ պաշտոնական այց կատարելու համար և համոզմունք հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի այցը նոր լիցք կհաղորդի տնտեսական բնագավառում կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: 

 

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի վարչապետին հրավերի համար և վստահություն հայտնել, որ այս այցը լավագույնս կծառայի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերն առավել ամրապնդելու ու տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Զրուցակիցները կարևորել են տնտեսական բնագավառում համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Այդ համատեքստում առանձնակի կարևորվել է հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը: 

 

Հովիկ Աբրահամյանը և Ջաբեր ալ Մուբարաք ալ Համադ ալ Սաբահը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում` արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներում հնարավոր երկկողմ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը, ինչը կխթանի երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը: 
Հայաստանի վարչապետը Քուվեյթի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, որը սիրով ընդունվել է:

 

Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանի և Ջաբեր ալ Մուբարաք ալ Համադ ալ Սաբահի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև ստորագրվել են զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառներում 2015-2017 թթ. համագործակցության գործնական ծրագրեր: Հայկական կողմից փաստաթղթերն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քուվեյթյան կողմից՝ Առևտրի եւ արդյունաբերության նախարար Աբդուլմոհսեն Ալ-Մեդեիջը և Քուվեյթի վարչապետի առաջին տեղակալ, արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ Համադ ալ Սաբահը: