կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-21 13:13
Հասարակություն

Այս տարի հաշվառված անշարժ գույքն ավելացել է 566 միավորով. Արման Սահակյանն ամփոփեց տարին

Այս տարի հաշվառված անշարժ գույքն ավելացել է 566 միավորով. Արման Սահակյանն ամփոփեց տարին

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր լրագրողներին ներկայացրեց տարվա ամփոփիչ արդյունքները: Սահակյանի խոսքով՝ պետական գույքի օտարումից ստացված միջոցները 2016 թվականին կազմել են 6 մլրդ 859 մլն դրամ՝ 2015 թ. ցուցանիշների համեմատ ավելանալով 4 մլրդ 422 մլն դրամով:

«Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 50 մլն դրամ: Անցյալ տարվա ցուցանիշը գրեթե նույնն է: Պետական գույքի վարձակալությունից 15.12.2016թ. դրությամբ, փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 221 մլն 227 հազ. դրամ՝ նախատեսված 192 մլն 400 հազարի փոխարեն: ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենք- շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 83 մլն 944 հազ. դրամ: Անցած տարի փաստացի մուտքագրվել էր 61 մլն 871 հազ. դրամ, որն այս տարի գերազանցվել է 36%-ով: Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը 2016-ին կազմել են 38 մլն 578 հազ.դրամ»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, օտարումից, մասնավորեցումից, վարձակալութունից, կապի սարքավորումների տեղակայումից ու հողի կադաստրային արժեքի մուտքերից ստացված դրամական միջոցները 2016-ին կազմել են 7 մլրդ 252 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 մլրդ 477 մլն դրամ, համայնքային բյուջեներ՝ 2 մլրդ 711մլն 629 հազ. դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 64 մլն 103 հազ. դրամ:

Սահակյանը նշեց նաև, որ 2016 թվականին պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ եղել է 26 ընկերություն, որից 2-ը գտնվում է սնանկացման, 1-ը՝ լուծարման գործընթացում, 1 ընկերություն վերակազմակերպվել է:

«2016թ. ընթացքում 10 ընկերության մասնավորեցման և 2 ընկերության լուծարման նպատակով ներկայացվել են գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթներ, 1 ընկերության մասնավորեցում է նախապատրաստվել: 2016 թվականին իրականացվել է պետական մասնակցությամբ 194 առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկում և վերլուծություն: Այսօրվա դրությամբ լուծարման գործընթացում է 22 կազմակերպություն: Այս տարի լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 52 մլն 629 հազ. դրամ կրեդիտորական պարտք: Իսկ վերջին տարիներին լուծարման դաշտի կանոնակարգման արդյունքում մարվել է շուրջ 390 մլն կրեդիտորական պարտք՝ կուտակված հիմնականում աշխատավարձերի և պետբյուջեի գծով: Դաշտը մաքրվում է, աստիճանաբար նվազում են նաև կրեդիտորական պարտքերը»,- ասաց նա:

Նշենք, որ 2016թ. ընթացքում պետական գույքի հաշվառման բազայում վերահաշվառվել է պետական սեփականություն հանդիսացող 8548 միավոր անշարժ գույք: Այս տարի հաշվառված անշարժ գույքն ավելացել է 566 միավորով: 2016 թվականի ընթացքում, կառավարության որոշումներով, բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած 14 ընտանիքի համար սեփականաշնորհվել են նրանց զբաղեցրած բնակելի տարածքները, տեղաբնակ 44 ընտանիքի նվիրատվությամբ հատկացվել են նրանց սենյակները:

2011 թվականից առ այսօր մայրաքաղաքի և մարզերի հանրակացարաններում բնակվող 366 ընտանիքի սեփականության խնդիր է լուծվել, որից 253-ը` նվիրատվության, 113-ը` սեփականաշնորհման ճանապարհով: Շահառուները 913-ն են, նրանց հատկացված սենյակների թիվը՝ 407:

Սահակյանը նշեց նաև, որ 2016 թվականի ընթացքում վարչության աճուրդի կենտրոնում վաճառքի է ներկայացվել 1324 լոտ, որից 514-ը՝ տրանսպորտային միջոց, 42-ը՝ լուծարվող ընկերությունների գույք, 766-ը՝ այլ շարժական գույք, 1-ը՝ մասնավորեցման ենթակա գույք: Վաճառված տրանսպորտային միջոցների կատարման տոկոսը, 2015 թվականի համեմատ, աճել է 31 %-ով և կազմում է 53%:

Սահակյանն ասաց նաև, որ 2016թ. մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման, վարձակալության, նվիրաբերության և այլ պայմանագրերով պարտավորություն է ստանձնել 60 գնորդ, ներդրումային պարտավորությունները նախատեսված էին 507 մլն 545 հազ դրամի և 1 մլն 370 հազ. ԱՄՆ դոլարի չափով: Արդեն իսկ կատարված է 424 մլն 589 հազ. դրամի չափով ներդրում, կատարման ժամկետը ուժի մեջ է: Մեկ գնորդի նկատմամբ 60 հազար դոլարի տուգանք է հաշվարկվել:

«2016 թվականին հարուցված դատական հայցերի ու բանակցությունների արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 18 մլն 844 հազար դրամ, որից՝ 15 մլն 462 հազ. դրամ՝ մասնավորեցման, 3 մլն 381 հազ. դրամ վարձակալական գործերով»,- ասաց պետական գույքի կառավարման վարչության պետը՝ հավելելով. «Առաջիկայում պետական գույքի մասնավորեցման նոր ծրագիր կկազմվի` նոր ընկերություններ ընդգրկելու նպատակով»:

Սահակյանը տեղեկացրեց, որ նախապատրաստվում են մի քանի օրենսդրական փոփոխություններ և վարչապետի հանձնարարականով բոլոր գերատեսչությունների հետ տեղի են ունեցել քննարկումներ: «2017-19 թթ. նոր ծրագրեր ենք ներկայացնելու կառավարություն: Քաղաքացիական օրենսգրքում պետք է փոփոխություններ լինեն, որոնք վերաբերում են հավատարմագրային կառավարման ժամկետներին»,- ասաց նա: