Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 2016 թվականը և հայտնեց, որ, 11 ամիսների արդյունքներով, ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 973.1 մլրդ դրամ հարկային եկամուտ, այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, պետական բյուջեի հարկային եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 3.9 մլրդ դրամ կամ շուրջ 0.4%:
Հարությունյանի խոսքով՝ ներքին տնտեսությունից վճարված հարկերի մեծությունը կազմել է 674,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 660,1 մլրդ դրամի համեմատությամբ: Այս ցուցանիշի մեջ ներառված չեն ԵԱՏՄ երկրներից ներկրված ապրանքների մասով հարկային մարմիններին վճարված 64,9 մլրդ դրամ հարկերը: Այսինքն` առանց ԵԱՏՄ-ի` աճը կազմել է 14 մլրդ դրամ կամ 2,1%:
ՊԵԿ նախագահն ասաց, որ 2016 թվականին եկամուտների ապահովման հետ կապված ռիսկեր են եղել, որոնք առավելապես դրսևորվել են սպառման ծավալների և արտաքին առևտրաշրջանառության, մասնավորապես՝ ներմուծումների կրճատմամբ, ինչն ազդել է ոչ միայն սահմանին գանձվող, այլ նաև տնտեսության ներքին ապրանքաշրջանառությունից հաշվարկվող հարկերի վրա:
«Հաշվի առնելով, որ պետական բյուջեի հարկային եկամուտների ավելի քան 53,9%-ն ապահովվում է խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից, մտահոգիչ եմ համարում այդ տնտեսվարողների մոտ իրացման շրջանառությունների ծավալների նվազման միտումները»,- ասաց ՊԵԿ նախագահը և նշեց, որ այս ամենը հիմք է տալիս 2017 թվականի ռազմավարությունը սահմանել և իմանալ, թե ինչ ուղղություններով են աշխատելու: Չնայած սրան՝ նա նշեց, որ այսօր չի հնչեցնելու որևէ ձեռնարկության անուն:
Այսպիսով` խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 521 հարկ վճարողներից դեկտեմբերի 1-ի դրությամբ ռիսկային են գնահատվել 296-ը: Նրանց մոտ միջին ամսական ստվերը գնահատվել է 3 մլրդ 548 մլն 700 հազար դրամ: ՊԵԿ նախագահը նշեց, որ շատ կարևոր է այս ամենը: «Երկրի ղեկավարության կողմից ունեմ խիստ հանձարարություն և, լինելով պատասխանատու մարդ, պարտավորվում եմ, որ այդ հանձնարարությունները կատարվելու են: Առաջին քայլը մեր համակարգը կաշառակեր և անառողջ էլեմենտներից մաքրելն է, ինչն արդեն սկսվել է»,- ասաց նա և տեղեկացրեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում հիսուն աշխատակից ազատվել է աշխատանքից և այդ գործընթացը շարունակական է լինելու:
Վարդան Հարությունյանը հայտնեց, որ ստորագրել է օրինապահ հարկ վճարողների հավաստագիր տրամադրելու համար հրաման, և հրապարակվելու են նաև բոլոր նրանց անունները, ովքեր կհրաժարվեն սպիտակ դաշտում աշխատել:
«Գործարար աշխարհից եկած մարդ եմ և շատ լավ եմ գիտակցում նրանց խնդիրները»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով. «Բիզնեսմենի հոգեբանությունն ավելի լավ եմ հասկանում, քան չինովնիկի»:
ՊԵԿ նախագահը նաև կոչ արեց չհայտարարագրված հարկեր ունեցողներին` փորձել այս մեկ ամսվա ընթացում հայտարարագրել: Նա վստահեցրեց, որ ներկայումս չկան արտոնյալներ, և օրենքի առջև հավասար պետք է աշխատեն բոլորը: