կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-10 14:14
Մշակույթ

«Հազար ու մի խնդիր ունենք, բայց մշակույթն է երկրի դեմքը». Սունդուկյանի անվան թատրոնում 7 մլն եվրո ներդրման մասին

«Հազար ու մի խնդիր ունենք, բայց մշակույթն է երկրի դեմքը». Սունդուկյանի անվան թատրոնում 7 մլն եվրո ներդրման մասին

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում շարունակվում են վերազինման աշխատանքները: Այսօր լրագրողներին թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը հայտնեց, որ հիմա ընթանում են ապամոնտաժման աշխատանքները, որոնք կավարտվեն 2016-ի հունվարի վերջին:

«Թատրոնը շահագործման հանձնվեց 1965-ին, և մինչ օրս` 50 տարիների ընթացքում, ոչ մի վերազինում` տեխնիկական, ձայնային, լուսային առումներով, չէր կատարվել: Հիմա ոչ միայն տեղի է ունենում վերազինում, այլ նաև, ընդառաջ գնալով մեզ, պետք է նաև նստատեղերը փոխվեն, դրա հետ կապված էլ` հատակը նորոգվի: Մենք այնքան ենք ոգևորվել, որ վարակել ենք նաև շինարարներին` նրանք դարձել են սունդուկյանցի»,- ասաց Դավթյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ թատրոնի վերազինման համար պայմանագիր է կնքվել «Վագներ-Բիրո Ավստրիա սթեյջ սեսթեմս ԱյՋի» ընկերության հետ` 7 000 000 եվրո գումարի չափով: Ըստ նրա` շատերն ասում են, թե ինչու հիմա, երբ երկիրը ծանր սոցիալական վիճակում է, այդքան գումար է տրամադրվում թատրոնի վերազինման համար, սակայն, Դավթյանի կարծիքով, մշակույթն է երկրի դեմքը, և հենց մշակույթի միջոցով են շատերը ճանաչում այս կամ այն պետությանը: «Մենք շատ լավ գիտենք, որ հազար ու մի խնդիրներ ունենք, բայց պետության` նման չափի ներդրումը  ցույց է տալիս պետության վերաբերմունքը արվեստի հանդեպ»,- ասաց նա:

Թատրոնի տնօրենը նշեց նաև, որ վերջին 5 տարիների ընթացքում մշակույթի նախարարությունը 120 մլն դրամից ավելի գումար է փոխանցել իրենց` նոր ներկայացումներ բեմադրելու համար: