Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015թ. հոկտեմբերին սկսվեցին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքներ: Շուրջ մեկ տարի տևած` վերազինման աշխատանքների շնորհիվ այսօր ունենք գերժամանակակից տեխնիկայով թատրոն: Թատրոնին տրամադրվել էր 7 մլն եվրո: Այն իր նորամուտը կտոնի «Պեպո» բեմադրությամբ` դեկտեմբերի առաջին տասնօրյակում:
Այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջայց կատարեց թատրոնում` տեսնելու կատարված աշխատանքների արդյունքը: Նա նշեց, որ հույս ունի` թատրոնին մեծ հաջողություններ են սպասվում, այնպիսի հաջողություն, ինչպիսին ունեցանք օպերային թատրոնում, այնպես էլ թատերարվեստում է լինելու, իսկ Սունդուկյանի անվան թատրոնը լինելու է այդ հաջողության առաջամարտիկը:
«Փորձելու ենք ձևավորել որոշակի քաղաքականություն` ներկայացումների բովանդակության հետ կապված, թեպետ մենք չպետք է խառնվենք բովանդակությանը, բայց պետք է համագործակցաբար շարունակենք զբաղվել նախ` ճիշտ ներկայացումներ բեմադրելով, հետո` ճիշտ փիար իրականացնելով: Արվեստի կառավարման մասնագետներ կփորձենք ներգրավել, որպեսզի կարողանանք համապատասխան հանդիսատես բերել թատրոն»,- ասաց նախարարը:
Yerkir.am-ի հարցին, թե թատրոնում խաղացանկի թարմացման խնդիր տեսնո՞ւմ եք, նախարարը պատասխանեց` անպայման: «Ստեղծագործական մասին նախարարությունը չի խառնվում, բայց մենք ձևավորում ենք պատվերներ, և պետք է, առհասարակ, բոլոր թատրոնների խաղացանկերը թարմանան` դառնալով այսօրվա պահանջներին համապատասխան, ներառելով այն գաղափարային հաղորդագրությունները, որը պետությունն ուզում է փոխանցել ժողովրդին: Խոսքը վերաբերում է միայն ազգայինին: Լինում են, չէ՞, դեպքեր, որ ունենում ենք ներկայացումներ, որոնք առաջնախաղից այն կողմ կյանք չեն ունենում, նման բան չպետք է լինի այլևս»,- ասաց նա:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն էլ նշեց, որ վերազինման հետևանքով բեմում, մասնավորապես, տեղադրվել են շտանկետներ` մետաղական կառուցվածքներ, որոնց վրա դեկորացիաներ են կախվում, որոնք էլ, իրենց հերթին, տարբեր տեսակի խնդիրներ են լուծում: «Նախկինում, երբ այս շտանկետներից մեկ հատը բարձրանում-իջնում էր, այնպիսի ձայն էր գալիս, որ կարծես ատոմային ռումբ են գցել, ստիպված երաժշտությունով փակում էինք ներկայացման այդ մասը, իսկ հիմա 47 շտանկետ կա, որոնք առանց ձայնի են աշխատում: Ի դեպ, դրանցից յուրաքանչյուրը 300 կգ կարող է պահել: Սրանք հնարավորություն են տալիս տարբեր մթնոլորտ ապահովել, կարճ ասած` 21-րդ դարի շունչն են»,- ասաց նա:
Հարցին՝ կատարված աշխատանքը որքանո՞վ կանդրադառնա ստեղծագործական աշխատանքի վրա, Էլբակյանը պատասխանեց, որ ստեղծագործական որակը կախված չէ տեխնիկայից, այլ` ստեղծագործողից: «Տեխնիկան, այո, կնպաստի, որովհետև թատրոնի հիմնական զարկերակը մթնոլորտն է, իսկ մթնոլորտը ներկայացման սիրտն է: Եթե չկա մթնոլորտ, դժվարանում է հանդիսատես-թատրոն կապը, մանավանդ` այս ժամանակներում, երբ տեխնիկան շատ մեծ դեր է խաղում մեր իրականության մեջ: Տեխնիկան կօգնի, որ երևակայությունը` թե՛ հանդիսատեսի, թե՛ աշխատակիցների, լավ աշխատի»,- ասաց նաը:
Մեր հարցին, թե դերասանական կազմի ընդլայնում սպասվո՞ւմ է, Էլբակյանը պատասխանեց, որ դերասանական կազմը տեղից ընդլայնված է: «Ինձ թվում է` սկիզբից կրճատում է պետք, հետո` ընդլայնում: Չեմ ասում` կրճատումներ ենք անելու, բայց թատրոնը մաղի նման բան է, աշխատանքի միջոցով անընդհատ մաղվում է` մարգարիտը մնում է ջրի երեսին»,- նշեց նա:
Էլբակյանը նշեց նաև, որ թատրոնում այս պահին պատրաստման ընթացքի մեջ է ղարաբաղյան թեմայով երիտասարդական ներկայացում, որը բեմադրում է Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2012-ին ՀՀ մշակույթի նախարարությունը միջազգային մի շարք ընկերությունների հետ կնքեց պայմանագրեր մեր մշակութային կենտրոնների վերանորոգման և վերազինման համար: Մասնավորապես` ՀՀ մշակույթի նախարարության և Կոնսորցիումի անդամ «Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեներ Ստեյջեթեք աուդիո վիդեո մեդիենսիսթեմս ՋիէմբիԷյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ» և «Արթսթեք» ընկերությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն՝ պետք է վերանորոգվեին և վերազինվեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, «Արամ Խաչատրյան» համերգասրահն ու Գ. Սունդուկյանի անվան թատրոնը: