Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ 125-ամյակին նվիրված` «ՀՅ Դաշնակցությունը և հայոց պետականությունը» խորագրով գիտաժողով է ընթանում ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Դաշնակցության դերակատարությանն ու քաղաքական ճանապարհին: Նրա խոսքով` իրենք չէ, որ պետք է ասեն, թե Դաշնակցությունն ինչ դեր է ունեցել, յուրաքանչյուրը պետք է ընտրի` ինչ ազդեցություն է թողել իր վրա Դաշնակցությունը:
«Մենք չենք կարող ասել, որ Դաշնակցությունն իր ամբողջ հնարավորությունն օգտագործում է: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, մի հասարակության մեջ, որը վերափոխվելու, գիտակցության բարձրացման, կազմակերպվելու լրջագույն խնդիր ունի` գումարած մեր մյուս պրոբլեմները, որոնք խանգարում են մեր կուսակցությանը` արտագաղթ, մարդկանց սոցիալիզացիայի շատ ցածր մակարդակ, միջին խավի գրեթե բացակայություն: Սրանք այնպիսի իրողություններ են, որոնք հնարավորություն չեն տալիս լավագույնս դրսևորվելու»,- ասաց Վարդանյանը:
Նա անդրադարձավ նաև դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Դաշնակցությունը չի արձագանքում ընտրակեղծիքներին, Վարդանյանը նշեց. «Դուք որտե՞ղ եք տեսել, որ Դաշնակցությունը լռել է: Ինչ որ ասվում է, թող լինի հիմնավոր: Հանրաքվեի հաջորդ օրը Դաշնակցության Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչը մեծ հարցազրույց էր տվել և բոլոր հարցերին անդրադարձել: Ամեն ինչի մասին մանրամասն խոսել ենք, գնահատականներ տվել ենք: Մենք երբեք չենք ասել, որ ամեն ինչ անթերի է: Մեր իրականությունը ճանաչելով, մեր ընտրական համակարգը իմանալով` սկզբից ասել ենք, որ մեզ համար շատ կարևոր է, որ հնարավորինս նորմալ հանրաքվե անցկացվի: Հնարավորինս` նշանակում է, որ հասկանում ենք, որ լինելու են ընտրակեղծիքներ, խախտումներ, չարաշահումներ: Այո, եղել են խախտումներ, բայց դրանք պետք է ունենան գնահատման չափանիշներ»:
Վարդանյանի խոսքով` Արմեն Ռուստամյանն արդեն հայտարարել է, որ իրենց համար հանրաքվեն կայացած է:
«Երկու օր է` բոլոր տեղամասերում վերահաշվարկման գործընթաց է ընթանում: Կապրենք, նաև այդ արդյունքները կտեսնենք: Եթե մենք չենք կարողանում ապացուցել, որ ընտրախախտումների ծավալն այնպիսին է, որ ազդել է արդյունքների վրա, ուրեմն այս հարցերը դուրս են գալիս, ուրեմն հանրաքվեն կայացած է և լեգիտիմ»,- ասաց նա` հավելելով. «Որ մենք ունենք խայտառակ պրոբլեմներ ընտրական համակարգում, որ մենք ունենք սարսափելի միջավայր, սա էլ է ակնհայտ, բայց սա հնարավոր է շտկել նոր Ընտրական օրենսգրքով: Այստեղ մենք իսկապես վիթխարի գործ ունենք: Այս Սահմանադրությամբ Ընտրական օրենսգիրքը ԱԺ պետք է ընդունվի երեք հինգերորդով: Այսօր Հանրապետական կուսակցությունը երեք հինգերորդ չունի ԱԺ-ում: Եթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական փորձեն նորմալ Ընտրական օրենսգիրք ունենալ, մենք նաև հաջորդ անգամ էական չափով կնվազեցնենք խախտումների հնարավորությունն ու տրամաբանությունը»:
Պատասխանելով հարցին, թե նոր Սահմանադրությամբ կա՞ ռեալ շանս, որ Դաշնակցությունը կդառնա մեծամասնություն խորհրդարանում, Վարդանյանը պատասխանեց. «Անկեղծ լինելու համար ասեմ, որ առաջիկա 17 թվականին ես նման հնարավորություն չեմ տեսնում: Դաշնակցությունն այն քաղաքական ուժն է, որ հետևողականորեն ճիշտ ճանապարհով է ընթանում, և առաջիկայում մենք շատ ավելի իրական, ռեալ դերակատարություն կունենա ՀՀ քաղաքական կյանքում»: