կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-10 16:32
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստան» դաշինքում որոշիչ դերակատարություն ունի հենց Դաշնակցությունը․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներ

Մենք որտեղ էլ լինենք՝ նույն գործողություններն ենք իրականացնում, ինչը որոշում է Ընդհանուր ժողովը, մենք առաջնորդվում ենք բացառապես Ընդհանուր ժողովի որոշած ռազմավարությամբ և մարտավարությամբ և դրա վերահսկողը պետք է հանդիսանա այս նորընտիր Բյուրոն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ  Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը 34-րդ Ընդհանուր ժողովից հետո առաջին մամուլի ասուլիսում։

«Մենք «Հայաստան» դաշինքը չենք ձևավորել ինքնանպատակ, այլ ձևավորել ենք նրա համար, որ հեռացնենք այս ապազգային իշխանություններին։ Պարզապես ընտրությունների արդյունքները թույլ չտվեցին, որ մենք դա անենք։ Նպատակը, որպես այդպիսին, մնում է»,-վստահեցրեց նա։

Լրագրողի հարցին, որ՝ խոսքը որոշիչ դերակատարության մասին է, Ռուստամյանը պատասխանեց․ ««Հայաստան» դաշինքում որոշիչ դերակատարություն ունի հենց Դաշնակցությունը»։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հավելեց, որ Դաշնակցությունը որոշիչ դերակատարություն ունի ոչ միայն դաշինքում։

«Ընդհանուր ժողովը ֆիքսեց, որ սա իսկապես ազգային ճգնաժամ է և մենք անդրադառնում ենք, որ այս իշխանություններն իրենց ոճը փոխելու մտադրություն չունեն։ Եվ իսկապես, որևէ փոփոխության գործընթացը պետք է սկսվի այս իշխանությունների հեռացմամբ»,-ասաց նա։

Արմեն Ռուստամյանը նշեց, որ խոսքը մեկ ուժի դիմադրության մասին չէ․ դա դիմադրություն է, որտեղ պետք է համախմբվեն բոլոր նրանք, ովքեր տեսնում են Հայաստանի թուրքացման և հայաթափման վտանգը։

«Սա է նպատակը այս դիմադրության․ սա ուղղակի ընդդիմադիր շարժում չէ, սա իշխանության համար պայքար չէ, սա պայքար է Հայաստանն ու Արցախը հայկական պահելու համար»,-ասաց նա։

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իշխանություններին թվում է, որ ժողովուրդն իրենց ընտրել է՝ ամեն ինչ անելու արտոնություն տալով․ այդպիսի բան գոյություն չունի, ժողովուրդն ինքը պիտի ասի՝ ձեզ մանդատ չեմ տվել, որ գնաք՝ թուրքերի ծրագրերն իրականացնեք։

«Այս իշխանությունները մեր հարկերով գործունեություն են ծավալում մեր դեմ»,-եզրակացրեց Արմեն Ռուստամյանը։

Նշենք, որ փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի է ունեցել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը, որն ընտրել է նոր բարձրագույն մարմին՝ Բյուրո։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակներ քննարկել և արժևորել են համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշել ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը հրապարակել է իր Հայտարարությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․