կարևոր
3961 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-22 15:22
Քաղաքական

Մութ է՝ Սամվել Բաբայանն ի՞նչ դերակատարություն ունի Արցախում, ինչի՞ համար է գնացել. Աղվան Վարդանյան

Կարծես թե Արցախում հանգուցալուծումը մոտենում է, բայց մենք այդպես էլ չգիտենք, թե խորքում ինչ է կատարվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Ի վերջո ակնհայտ է, որ նեւ Ադրբեջանի պահանջն է, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա եւ հայտնի չէ, թե ռուս-ադրբեջանական քննարկումները այս թեմայով ինչի են վերաբերում: Ի վերջո, որքան ինձ հայտնի է, Ռուբեն Վարդանյանը հայտնվեց Արցախում ոչ միայն իր անձնական ցանկությամբ, այլեւ Արցախի ներկայիս ղեկավարության ցանկությամբ ու հորդորով: Եթե իրենք չեն կարողանում հաշվարկել հետագա անելիքները եւ ինչ ենք ստանալու, սա խնդիր է: Եթե մենք տեղյակ չենք, թե այս ընթացքում Ադրբեջանի դրած պայմանները ինչ պայմաններ են եւ ամբողջությամբ ընդունվել են Արցախի կողմից, թե չեն ընդունվել, դարձյալ դժվար է գնահատական տալ:

Որքան հասկանում եմ՝ Արցախում ներքին իրավիճակն այնպիսին է, որ բացահայտ հակադրություն չեն ուզում ստեղծել, եւ եթե անգամ ազատվի պաշտոնից Ռուբեն Վարդանյանը, նա ցանկություն ունի մնալու Արցախում եւ ինչ-որ դերակատարություն ունենալու: Ո՞րն է լինելու այդ դերակատարությունը, դարձյալ անհայտ է:

Նույնը վերաբերում է Հայաստանին, մենք չգիտենք՝ ինչ առաջարկներ են ներկայացրել Ադրբեջանին, հասարակությունը, քաղաքական ուժերը տեղեկացված չեն: Ինձ համար ակնհայտ է, որ 2020 թվականից հետո Արցախի նախագահի բոլոր գործողությունները միայն վատթարացրել են Արցախի վիճակը», - հայտարարեց նա:

Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ այսօր Արցախում պետք է համախմբում ու կոնսոլիդացիա. «Եվ նախկին դերակատար դեմքերը, եւ այսօրվա իշխանությունները պետք է կարողանային գտնել լուծում, որտեղ հստակ լիներ Արցախի մեկ ձայնով խոսելը: Ցավոք, ներքին բաժանումներն այնքան շատ են, որ այդ ձայնով խոսելը չի ստացվում: Ես չեմ բացառում, որ Ռուբեն Վարդանյանին ավելի շուտ կազատեին աշխատնքից, եթե նրա գործունեությունը հասարակության որոշակի շրջանակներում դրական արձագանքներ չունենար»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: