կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-15 12:31
Մշակույթ

Այն, ինչ կատարվում է իրական կյանքում

Այն, ինչ կատարվում է իրական կյանքում

Երեկ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրվեց Շեքսպիրի «12-րդ գիշեր» ներկայացումը, որով էլ բացվեց Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան ամենամյա միջազգային փառատոնը:

 

«Չիկ բայ Ջաուլ» թատերախմբի ներկայացման մեջ խաղում էին Ալեքսեյ Ֆեկլիստովը, Միխայիլ Ժիգալովը եւ Իգոր Յասուլովիչը:

 

«Ներկայացումը բեմադրված է նոր ձևով, նոր մոտեցումներով են խաղում դերասանները»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ղազանչյանը` հավելելով, որ նմանատիպ ներկայացումները մեզ նոր շունչ են փոխանցում:

 

Բեմում խաղում էին միայն տղամարդ դերասաններ` մարմնավորելով նաեւ կանանց, եւ ըստ Ղազանչյանի, նրանք կերպարանավորում էին կանանց ոչ թե ձայնով, այլ հագուստով. «Դա էլ ուներ իր գրավչությունը»:

 

Հանդիսատեսներից Սիրանուշ Հովակիմյանն ասաց, որ ներկայացումն իրեն շատ է դուր եկել. «Ներկայացումը յուրահատուկ հումորով էր համեմված, առաջին հայացքից լուրջ ներկայացում էր, այնուհետև հանկարծակի մի այնպիսի շարժում կամ այնպիսի մի բառ էին ասում, որ ամբողջ բեմը թնդում էր ծափահարություններից և ծիծաղից»:

 

Իսկ հանդիսատեսներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, ներկայացումից դժգոհ էր. «Բեմում ցուցադրվում էր այն, ինչ կատարվում է իրական կյանքում»: Վերջինս հավանաբար չգիտեր, որ դա ոչ թե թերություն, այլ առավելություն է: