Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ելք» խմբակցության` ՀԷՑ-ի և «Գազպոևմ Արմենիա»-ի վերջին 10 տարվա գործունեության մասին հարցապնդման քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Պատգամավորը նախ ողջունեց «Ելք»-ի հարցապնդումը, որ հնարավորություն է տալիս հարցերն ավելի կոնկրետ քննարկելու, ողջունեց նախարարի կիրթ, բանիմաց պատասխանները:
«Ես կարծում եմ` և' մենք, և' մեր գործընկերները հետագայում հարցապնդում անելիս պետք է մտածենք շատ ավելի կոնկրետ, նեղ թեմա ընդգրկելու մասին, որպեսզի հարցապնդումն իր նպատակին ծառայի, այլապես այստեղ հնչող ելույթների 99%-ն առանց այս հարցապնդման էլ կարելի է ունենալ: Այդ քաղաքական հայտարարությունները որևէ բանով համակարգին օգուտ չեն տալիս»,- նշեց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ երկու տարի առաջ ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով կար, որը հատուկ զբաղվում էր այս հարցերով: «Ամիսներ շարունակ հանձնաժողովը զբաղվում էր բազմաթիվ քննարկումներով, և բարձացված հարցերի պատասխանները որոշակի էին: Հիմա, գոնե շատ դեպքերում, մերկապարանոց հայտարարությունները` հարցերի և ելույթների տեսքով, դուրս են մասնագիտական և համակարգի ճանաչելիության սահմաններից: Ուզում եմ արձանագրել` իհարկե, սա հանրային հնչեղության հարց է, կարևոր է, բոլորը գազ են օգտագործում, բոլորը հոսանք են օգտագործում, թեման էլ հրապուրիչ է, բայց ես կարծում եմ` հարցապնդման ուղղությունը պետք է լինի շատ ավելի կոնկրետ ու արդյունավետ»,- ընդգծեց Վարդանյանը:
Նա հավելեց, որ չենք կարող էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության դրական տեղաշարժերը չտեսնել: «Բոլորիս համար դաս պետք է լինի, պետք է կա'մ կանոնակարգը փոխելու մեխանիզմ գտնենք, կա'մ հարցապնդումն անենք այնպես, որ ունենանք կոնկրետ քննարկում, կոնկրետ արդյունք, որ, անկախ հարցապնդումից, ամեն ինչ չմնա միայն քաղաքական հարթության վրա` թալանչիների կամ այլնի մասին ելույթների ու հարցերի մակարդակով»,- եզրափակեց պատգամավորը: