Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը հստակ շեշտադրումներ ունի, որոնք վերաբերում են տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներին:
Սակայն նա այդ կետերից կարևոր համարեց այն, որ ցանկացած ռազմավարական խնդիր պետք է կողմերի միջև քննարկման փուլ անցնի, համաձայնեցվի: «Դրան գումարած ցանկացած հարց` կառավարությանը, ԱԺ-ին վերաբերող, կողմերից մեկի առաջարկությամբ կարող է դրվել քննարկման: Այնպես որ` բազմաթիվ կոնկրետ կետեր կան, և մենք անդրադառնալու ենք նաև կառավարության ծրագրերին: Մենք պատասխանատվություն ենք ստանձնում կառավարության ծրագրերի համար»,- ասաց Վարդանյանը:
Այն տեսակետները, թե Դաշնակցության Սփյուռքի կառույցներն այնքան էլ չեն ողջունում նման համագործակցությունը, նա որակեց «ասեկոսեներ», որոնք Սփյուռքի որևէ դաշնակցական կառույց կամ անհատ չի հաստատի:
Վարդանյանը չհամաձայնեց ընդդիմադիր կուսակցությունների այն տեսակետների հետ, որ այս համագործակցությունը շարքային է և որևէ բան չի փոխի` հաշվի առնելով նաև այն, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության փորձ անկախ Հայաստանի պատմության մեջ արդեն տեսել են:
«Սա մեր աշխատանքային, ճանապարհային քարտեզն է, և այդտեղ կան բազմաթիվ կոնկրետ կետեր ու անելիքներ: Եթե որևէ մեկն ավելի լավ համաձայնագիր կարող է ստորագրել, թող գնա, մշակի և ստորագրի: Մենք սա անելու ենք` անկախ նրանից, թե կողքից ինչ են ասում: Համաձայնագիրը մոտ մեկ ամսվա աշխատանք է, ընդգրկում է մեր կյանքի բոլոր ոլորտները: Ով ինչ է ասում, դա իրենց խնդիրն է»,- շեշտեց պատգամավորը:
Վարդանյանը նշեց նաև, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված փաստաթուղթն անձերի միջև չէ: «Անձերի ստորագրություն չէ, այլ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիր է: Սերժ Սարգսյանը միայն Հանրապետական կուսակցության նախագահը չէ, այլ նաև հանրապետության նախագահն է, և այս հարաբերություններում ավելի արբիտրի դերակատարում կունենա, ոչ թե միայն մեկ կողմը կներկայացնի, ինչը կօգնի երկու քաղաքական ուժերին բոլոր քաղաքական խնդիրները կարգավորել»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե գալիք խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն ՀՀԿ-ի միասնական ցուցակո՞վ է ներկայանալու, թե՞ առանձին, Վարդանյանը պատասխանեց. «Պետք է գնահատականներում օբյեկտիվ լինել, ի՞նչ է նշանակում` իշխանության հետ, թե` առաձին: Վերջին երկու ընտրություներում` 2007-ին, Դաշնակցությունը հավաքել է 178.000 ձայն, որը 14% էր, վերջին ընտրություններին` 12.000 ձայն, 5 ու մի քիչ ավելի տոկոս: Այդ արդյունքի մասին ես տարիներ շարունակ մանրամասն ասել եմ` ինչպես է գոյացել, ներկայացրել եմ, թե ինչու է այդպես եղել: Վստահ եմ, որ այն խնդիրները, որոնք դրված են քաղաքական համաձայնագրի հիմքում, որը նաև պետք է կոնկրետ դրսևորումներ ունենա, կազդեն մեր երկրի և մեր քաղաքացիների վրա՝ հույս, ակնկալիք, աշխատանք, և այդ պարագայում, ձեզ վստահեցնում եմ, որ հաջորդ ընտրություններում Դաշնակցության տեսակարար կշիռը ԱԺ-ում շատ ավելի բարձր կլինի»:
Հարցին` համայնքների խոշորացման ծրագիրը կարո՞ղ է չեղարկվել, և դաշնակցականները կարո՞ղ են նոր պաշտոններ ստանալ, Վարդանյանը պատասխանեց. «Վարչատարածքային բաժանումների հետ կապված` մենք ունենք խնդիր` առաջիկայում օրենսդրական դաշտը և հայեցակարգը փոխել: Ի՞նչ հայեցակարգ կընդունվի, ի՞նչ մոտեցումներ կլինեն, դեռևս չեմ կարող ասել, սակայն սա մեր հիմնարար դրույթներից մեկն է և Սահմանադրությունից բխող, որի վրա պետք է տևական աշխատանք կատարվի: Մեր՝ դաշնակցականների նախնական պատկերացումներով` պետք է անցնել շրջանային կառավարման համակարգի, թերևս 25-26 շրջան, որոնց ավագանիները կընտրվեն համամասնական ընտրակարգով և կլինեն քաղաքական ընտրություններ, իսկ ավագանիները կընտրեն վարչակազմի ղեկավար: Տարբերակներից մեկն էլ այն է, որ համայնքներում կարող են լինել կա\'մ ընտրություններ, կա\'մ նշանակումներ: Սա հիմնարար օրենքներից մեկն է, որ քաղաքական ուժերով պետք է համախմբենք և լուծում տանք»: